Նախագահը Վաշինգտոնում ներկա է եղել ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրիի բացմանը
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է այն կարևոր դերը, որն ունեցել է Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ընդգծելով, որ այն վերածնվում է ամեն անգամ՝ մեր յուրաքանչյուր կարևոր ձեռքբերման հետ: Նա նաև գնահատանքի խոսքեր է հնչեցրել առաջին դեսպանի հիշատակին: