ԵԽԽՎ-ի պատգամավորները դատապարտել են Ադրբեջանում քաղաքական հետապնդումները
ԵԽԽՎ-ի 20-ից ավելի պատգամավորներ հունիսի 28-ին ամառային նստաշրջանի շրջանակներում հայտարարությամբ են հանդես եկել` դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և երկրի իշխանությունների կողմից Եվրոպայի խորհրդի պարտավորությունների անտեսումը:
Contact.az-ը հաղորդում է, որ հայտարարության մեջ Ադրբեջանն անվանվում է «Եվրոպայի ամենաճնշող երկրներից մեկը», որտեղ ընտրությունները տեղի են ունենում ահաբեկման մթնոլորտում: Երկրում տարածված է քաղաքականապես մոտիվացված դատական հետապնդումների և ազատազրկումների, կոշտ վերաբերմունքի և խոշտանգումների կիրառման պրակտիկան:
Քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների օրինակներից մեկը, երկու տարվա դատապարտված լրագրող և բլոգեր Մեհման Հուսեյնովն է, որը հայտնի է իր հակակոռուպցիոն հետաքննություններով:
Մեկ այլ օրինակ է քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի գործը, որի անհապաղ ազատումը պահանջել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Եվրոպայի խորհրդի այլ մարմիններ: Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի այնպիսի գործողությունների համար, որոնք անհամատեղելի են Եվրոպայի խորհրդի պարտավորությունների հետ: Փաստաթղթի ընդունումը նախաձեռնել էր նորվեգացի պատգամավոր Պիտեր Էյդեն (EIDE Petter)՝ Amnesty İnternationa-ի նորվեգական բաժնի նախկին ղեկավարը:
Հայտարարությունն անմիջական իրավական հետևանքներ չունի, սակայն հաշվի է առնվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, ԵԽԽՎ-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ որոշումներ կայացնելիս: