ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ չի տալիս Թուրքիա մեկնել
Ամերիկայի Պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տալիս մի լավ մտածել նախքան Թուրքիա գնալը: Պետական դեպարտամենտի կայքէջում խորհուրդ է տրվում վերանայել Թուրքիա նախատեսված ուղեւորությունները՝ ահաբեկչության եւ կամայական ձերբակալությունների սպառնալիքի պատճառով:
Մասնավորապես, ահաբեկչության սպառնալիքի պատճառով խորհուրդ չի տրվում այցելել թուրք-սիրիական սահմանի երկայնքով գտնվող շրջանները, ինչպես նաեւ հարավ-արեւելյան Հաթայ, Քիլիս, Գազիանթեպ, Սանլիուրֆա, Սիրնակ, Դիարբեքիր, Վան, Սիիրթ, Մուս, Մարդին, Բեթմեն, Բինգյոլ, Թունջելի, Հաքարի եւ Բիթլիս նահանգներ:
Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի կապակցությամբ Թուրքիայի անվտանգության ուժերը տասնյակ հազարավոր մարդկանց են ձերբակալել, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ-ի քաղաքացիներ, որոնք քաղաքական դրդապատճառներով գաղտնի կամ կցկտուր ապացույցների հիման վրա կասկածվում են ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու մեջ: ԱՄՆ քաղաքացիներին արգելվել էր նաեւ հեռանալ Թուրքիայից: