Ոստիկանությունն արդեն մի քանի օր է՝ ապահովում է Մանվել Գրիգորյանի ընտանիքի անվտանգությունը. նրանց տնից գողություն է եղել
Արդեն մի քանի օր է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ անհայտ անձինք հարձակում են գործում ՀՀ ԱԺ պատգամավոր մի շարք ծանր հոդվածներով կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի բարեկամների, հարազատների բնակարաններ վրա, քարեր նետում, գույք ոչնչացնում և գողություն կատարում:
Մասնավորապես ըստ այդմ՝ գողության վերջին դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երկոյան:
Գողության մասով տեղեկությունը Armtimes.am-ի հետ զրույցում հաստատեց Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը: Նաև ասաց, որ ոստիկանությունն արդեն մի քանի օր է՝ ապահովում է Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամների, մասնավորապես Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, նրա ընտանիքի անդամների, դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի անվտանգությունը, ինչպես նաև պահպանություն է իրականացվում նրանց գույքի նկատմամբ:
- Պարոն Այվազյան, Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մանվել Գրիգորյանի բարեկամների բնակարանների վրա հարձակումներ են տեղի ունենում, քարեր են շպրտում, գողություն կատարում: Ինչո՞ւ ոստիկանները սա չեն կանխում, չե՞ն տիրապետում օպերատիվ իրավիճակին:
- Մասամբ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը՝ գողությունների մասով, իսկ մյուս մասով հիմնականում ապատեղեկատվություն է. քարեր նետել, ջադել, փշրել, նման բան չկա: Մենք գողության դեպքեր ունենք արձանագրված Մանվել Գրիգորյանի որդու բնակարանում, ինչպես նաև Արշալույս գյուղում գտնվող տան տարածքում. դրանք չբնակեցված տարածք են, համենայնդեպս, տվյալ պահին վերջին շրջանում չեն բնակվում, և այդտեղ մենք պահպանություն չենք իրականացրել զուտ այն իմաստով, որ դրանք չբնակեցվող են: Ինչ վերաբերում է գույք ոչնչացնելուն, վնասելուն, ապա դրանք ապատակեղատվություն են, մենք նման ահազանգ չունենք:
- Իսկ գողության դեպքերը դեռ չեն բացահայտվե՞լ:
- Մեկն այսօրվա արձանագրված դեպք է, մուտք են գործել բնակարան, բայց որևէ բան չեն գողացել, մյուսն էլ մի քանի օր առաջ է տեղի ունեցել և կատարվում են համապատասխան օպերատիվ միջոցառումներ՝ դրանք բացահայտելու ուղղությամբ:
- Երբվանի՞ց է ոստիկանությունն անվտանգության միջոցառումներ իրականացնում Մանվել Գրիգորյանի ընտանիքի և նրանց գույքի պահպանության համար:
- Բնականաբար, տեղեկություններ էինք ստանում հնարավոր վտանգների վերաբերյալ. այս մասով մենք ձեռնարկում ենք շուրջօրյա անվտագություն, մասնավորապես Մանվել Գրիգորյանի և նրա մերձավոր ազգականների, այն բնակարանների, որոնց վերաբերյալ ինֆորմացիա ունենք: Մասնավորապես, պահպանություն ենք իրականացնում Մանվել Գրիգորյանի տան տարածքում, նրա որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, նրա գույքի, նրա դստեր՝ Նաիրիա Գրիգորյանի, ամառանոցի նկատմամբ ենք պահպանություն իրականացնում, բացի այդ իրենք կազմակերպություն ունեն, որտեղ հայտնաբերվեցին գործի համար նշանակություն ունեցող մի շարք իրեր, այդ թվում՝ ավտոմեքենաներ. այդ հատվածում ևս իրականացվում են պահպանություններ: Այսինքն՝ բոլոր այն հատվածներում, որտեղ մենք ունենք իրեղեն ապացույցներ, կամ որոնց վերաբերյալ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ հնարավոր է այդ գույքի նկատմամբ լինեն որոշակի ոտնձգություններ:
- Այդ պահպանությունը որքա՞ն կշարունակվի:
- Անհրաժեշտությունը դեռ կա և պահպանությունը պետք է շարունակվի իրականացվել: Մենք պահպանություն իրականացնում ենք այսպես ասած առաջնային անհարժեշտություն ունեցող օբյկետներում, տներում և անձանց նկատմամբ, և դա առաջիկայում հաստատ կշարունակվի: Ոստիկանության ուշադրության կենտրում են նաև Մանվել Գրիգորյանի և Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները, մերձավոր ազգականները, փորձում ենք առավելագույնս բոլոր միջոցառումները իրականացնել՝ նրանց անվտանգությունը և նրանց գույքի անվտանգությունը պահպանելու համար:
Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել նաև էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:
- Տիկին Գասպարյան, արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Էջմիածնում անհայտ անձինք հարձակումներ են գործում ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի բարեկամների, հարազատների բնակարանների վրա, քարեր շպրտում, գողություններ կատարում: Վերջին դեպքը երեկ երեկոյան է տեղի ունեցել: Դուք նման տեղեկության տիրապետում ե՞ք, ի՞նչ է կատարվում իրականում:
- Նախ, թույլ տվեք նշեմ, որ չնայած վարչապետի որոշումը թվագրված է հունիսի 22-ով, բայց հրապարակվել է երկուշաբթի, ես պաշտոնապես աշխատակազմին ներկայացվել եմ երեկվանից որպես քաղաքապետ: Այս ամենի մասին ես լսել եմ և հենց այսօր աշխատանքային հանդիպում եմ ունեցել քաղաքի ոստկանապետի հետ, քննարկեցինք շրջանառվող լուրերը: Տեղեկացա, որ գիշերը եղել է երկու բնակարանային գողություն, ներխուժել են Արման Գրիգորյանին պատկանող տուն ու Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանին պատկանող տան տարածք: Արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն: Նաև կանխարգելիչ միջոցառումների մասին խոսեցինք, ոստիկանապետը դարձյալ հավատացրեց, որ ամեն ինչ անում են՝ քաղաքը հանգիստ պահելու առումով և ընդհանուր առմամբ վիճակը գնահատեց դրական: Քաղաքում ամեն ինչ հանգիստ է, բոլորն օրենքի դաշտում են, որևւէ հակաիրավական գործունեություն իրականացնող խումբ, խմբավորում չկա քաղաքում:
Նշեմ, որ որպես քաղաքապետ, մտահոգված եմ այդ լուրերով, որովհետև Մանվել Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և նրանց ընտանիքը առաջին հերթին քաղաքի բնակիչներ են և քաղաքի որևէ բնակիչ այստեղ իրեն ոչ անվտանգ չպետք է զգա: Այդ պատճառով ոստիկանությանը եւս մեկ անգամ կհանձնարարեմ, որպեսզի անվտանգությունը է՛լ ավելի ուժեղացվի, որովհետև գիտեմ, որ սահմանված է, որպեսզի իմ գնահատմամբ՝ նման արատավոր երևույթներ չլինեն: Առհասարակ նշանակման պահից առաջնահերթ եմ համարում քաղաքը բնականոն կյանքին վերադարձնելը եւ անհանդուրժողականության մթնոլորտը հնարավորինս կարճ ժամանակահատվածում իսպառ վերացնելը:
Մանրամասներն՝ այստեղ: