Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվում Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը:
Զախարովան Հայաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցներին կոչ է արել կառուցողական լինել, նշելով, որ բոլորը շատ լավ հասկանում են, թե երկու կողմերը որքան ուշադրություն են դարձնում այս կամ այն հայտարարությանը: Միևնույն ժամանակ, նա հորդորել է հենց տվյալ քաղաքական գործչից հստակեցնել, թե ինչ է ինքը նկատի ունեցել: Զախարովան շեշտել է, որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել:
«Մենք աշխատում ենք երկու կողմերի հետ, որպեսզի արդյունքի հասնենք և ասում ենք, որ այս հարցը մեզ համար միջազգային օրակարգի առաջնահերթություններից է: Հետևաբար, ձեռք բերված պայմանավորվածությունների հիման կարգավորման հասնելը և կողմերի համաձայնեցված դիրքորոշումները և փոխադարձ հարգանքը, անշուշտ, համապատասխանում են մեր շահերին», - ասել է նա` ընդգծելով, որ Ռուսաստանի հիմնարար մոտեցումներն այս հարցում չեն փոխվել:
«Գլխավոր խնդիրն այն է, որ նման հայտարարությունները, ես նկատի ունեմ ոչ կառուցողական, չխանգարեն ընդհանուր նպատակին: Իսկ դրանք արվում են տարբեր ձևաչափերով, տարբեր ներկայացուցիչների կողմից: Շատերը ցավոք, չեն համապատասխանում այն հայտարարություններին, որոնք, ասվել են, շատ հաճախ մեջբերումները կտրվել են կոնտեքստից կամ խեղաթյուրվել են», - ասել է Զախարովան:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին, Զախարովան նշել է, որ «եթե նման հանդիպումը համաձայնեցվի և կայանա, մենք իսկապես արդյունավետ արդյունքներ և լավ մթնոլորտ ենք ցանկանում, քանի որ ներկայումս դա շատ կարևոր է այն խնդիրների լուծման համար, որոնք օրակարգում են գտնվում, այդ թվում երկու երկրների օրակարգում»: