Վաշինգտոնում հայկական ձևով Վարդավառ կնշեն
Հունիսի 27-ին Վաշինգտոնի ազգային պուրակում մեկնարկող Սմիթսոնիան մշակութային հաստատության խոշոր փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը: Փառատոնի անցկացման մեջ դեսպանը տեսնում է նաև կարևոր խորհրդանիշ.
«100 տարի առաջ հայերն առաջին անգամ, Ցեղասպանություն վերապրած, այնուհետև՝ Առաջին աշխարհամարտի մասնակից հայերը հավաքվել էին այստեղ, կապիտոլիումի առջև, որպեսզի շնորհակալություն հայտնեին Միացյալ Նահանգներին, այն միսիոներներին, Ուիլսոնի և Ռուզվելթի կառավարություններին: 100 տարի անց՝ ինքնավստահ ժողովուրդ, որ վերադառնում ենք նույն տեղը, նույն վայրը, արդեն ներկայացնելու մեր քաղաքակրթությունը»,-ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ փառատոնի կազմակերպիչ Սմիթսոնիան հաստատությանը հետաքրքրում է հատկապես հայ ժողովրդի եզակի կարողությունը պահպանել մշակույթն ու ավանդույթները նույնիսկ մերթընդմերթ պետականության բացակայության պայմաններում.
«Երկու շաբաթների ընթացքում այս բոլոր տաղավարներում տեղի է ունենալու հայկական կյանք: Մեր կենցաղն է այստեղ ցուցադրվելու»,-ասել է հայ դեսպանը:
Խոհանոցային արհեստից մինչև ծիսակատարություն՝ ներկայացված կլինի Հայաստանի պատմամշակութային ողջ բազմությունը: Հատուկ տեղ է հատկացված նաև Սփյուռքին.
«Հայաստանի մշակութային կյանքը, ժառանգությունը չի կարելի պատկերացնել առանց Սփյուռքի»:
Այն, որ Սմիթսոնիանի ժողովրդական փառատոնը, որի արմատները աճում են կես դար առաջ ԱՄՆ-ում անցնող Վիետնամի պատերազմի դեմ ցույցերից, այս անգամ ներկայացնելու է նոր Հայաստանը, նույնպես խորհրդանշական է, համոզված է դիվանագետը.
«Այս տարի Հայաստանում էլ այդպիսի մի բողոքի ալիք եղավ: Մենք տեսանք մեր երիտասարդների եռանդը և ստեղծագործական եռանդը: Այդ առումով ինձ համար շատ խորհրդանշական է, որ թավշյա հեղափոխության Հայաստանը այս տարի ներկայացված է լինելու նաև այս զբոսայգում»:
Փառատոնի անակնկալներն այսքանով չեն ավարտվում: Հուլիսի 8-ին, փառատոնի վերջին օրը Վաշինգտոնի ազգային պուրակում նախատեսվում է հայկական ավանդական Վարդավառ տոնել: