Լիլիթ Մակունցը ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենին հորդորել է տասնօրյա ժամկետում գեղարվեստական ղեկավար ընտրել
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի հետ և նրան հորդորել տասնօրյա ժամկետում թատրոնի գեղարվեստական անձնակազմի հետ քննարկել այդ պաշտոնի թեկնածուների ծրագրերը և որոշում կայացել:
Այս մասին նախարարն ասաց հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Նա խոստովանեց, որ շատ հետաքրքիր էր այն, որ փորձել են իրեն ներգրավել թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելու գործին, այնինչ գեղարվեստական ղեկավար չեն նշանակում, նրան ընտրում է թատրոնի գեղարվեստական անձնակազմը:
Մակունցը շեշտեց` թատրոնի տնօրենի հետ հեռախոսազրույցում առաջարկել է, որ գեղարվեստական ղեկավարի թեկնածուներ Նորա Գրիգորյանը, դերասան Ռոբերտ Հակոբյանը, ինչպես նաև ցանկացած անձ, ով հավակնում է այդ հաստիքին, հնարավորություն ունենա թատրոնի գեղարվեստական անձնակազմին ներկայացնել իր ծրագրերը, որպեսզի կատարվի ընտրությունը:
«Հուսով եմ, որ անձնակազմն իր և թատրոնի շահերից բխող անաչառ որոշում կկայացնի և կընտրի այնպիսի գեղարվեստական ղեկավարի, որի հետ և’ սիրով, և’ կառուցողական մթնոլորտում կաշխատի»,-ընդգծեց Մակունցը: