Հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է դեռևս չօգտագործված մեծ ներուժ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները, որոնք լավ հնարավորություն են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է դեռևս չօգտագործված մեծ ներուժ, որի արդյունավետ իրացման ուղղությամբ պետք է շարունակել հետևողականորեն աշխատել:
Կարևորվել է երկկողմ տնտեսական օրակարգում գտնվող ծրագրերի ակտիվացումը, ինչպես նաև Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը համագործակցության մեծ հնարավորություններ է բացում: