Ռոմանտիկ էի, բնության սիրահար, կենդանիների մեծ սիրահար, լավատես. Արամ Մանուկյան
Operativ.am-ի բլից հարցերին պատասխանում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա հետ խոսել ենք մանկությունից, երազանքներից, նախասիրություններից և այլն:
-Կնշե՞ք, թե որն է Ձեր նախընտրած վայրը Երևանում:
-Այն վայրը, որտեղ կանաչ կա, որտեղ ծառ կա:
-Ձեր հոբբին…
-Նկարչությունն է: Հաճախ չեմ նկարում, սակայն որքանով որ կարողանում եմ, որքանով որ նյարդերս հանգիստ են լինում, նկարում եմ:
-Կասեք, թե ո՞րն է սիրած երգը…
-Սիրում եմ դասական երաժշտություն, որը լսելը այդքան հեշտ չէ, դա լսելու համար ժամանակ է պետք և ականջների դաստիարակություն: Այսինքն՝ շատ եմ սիրում խորիմաստ և ոչ մատչելի երաժշտություն:
-Ի՞նչն է Ձեզ գրավում մարդկանց մեջ:
-Անկեղծությունը, համարձակությունը:
-Իսկ ի՞նչն է վանում:
-Քծնանքը, վախը…
-Իսկ ինքներդ ինչի՞ց եք վախենում:
-Դավաճանությունից, ընկերներիս դավաճանությունից:
-Ինչպիսի՞ն էր մանուկ Արամ Մանուկյանը:
-Ռոմանտիկ էի, բնության սիրահար, կենդանիների մեծ սիրահար, լավատես:
-Շա՞տ բան է փոխվել:
-Բավականին, գույները մգացել են, պայծառ գույները խամրել են:
-Ի՞նչ կցանկանայիք ետ բերել անցյալից:
-Ոչինչ, ես սխալներ չեմ գործել անցյալում, ապրել եմ ճիշտ, եղել եմ առատաձեռն: Դժգոհելու բան չունեմ, հետևաբար ոչինչ չէի ցանկանա ետ բերել:
-Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը:
-Ուրիշին երջանկացնելը:
-Երազանք, որն արդեն իրականացել է...
-Անկախության հռչակումը…
-Կցանկանայի՞ք ինչ-որ բան փոխել ինքներդ Ձեր մեջ:
-Կուզեի մի քիչ ավելի կտրուկ լինել:
-Երբ զայրանում եք…
-Հանգստանում եմ, երաժշտություն եմ լսում, աշխատում եմ մարդկանցից հեռու լինել:
-Եթե Դուք նախագահ լինեիք…
-Չէի լինի, որովհետև դա իմ ուսերից վեր է:
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր կյանքը 5տարի անց:
-Կուզեմ իշխանափոխություն լինի, երկրում հանգիստ վիճակ ստեղծվի, որ մարդիկ հոգեպես ավելի հանգիստ լինեն:
Զրուցեց Նազենի Բաղդասարյանը