Փայլանը շարունակում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում շրջել Դիարբեքիրի գյուղերով (լուսանկարներ)
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը շարունակում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում շրջել Դիարբեքիրի գյուղերով, այս մասին տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Փայլանի վերջին այցն ամբողջությամբ նվիրված է եղել տեղի արհեստավորներին և քրդաբնակ գյուղերի բնակիչներին, որոնց հետ հանդիպման ժամանակ պատգամավորի թեկնածուն լսել է վերջիններիս խնդիրները։
Հիշեցնենք, որ հայազգի գործիչն այս անգամ առաջադրված է որպես Դիարբեքիրից պատգամավորի թեկնածու։ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 24-ին։
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, կուսակցությունից նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, խոսելով Կարո Փայլանի՝ Դիարբեքիրից պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին, ասել էր․
«Կարոն վայել է Դիարբեքիրին, Դիարբեքիրն էլ՝ Կարոյին։ Դիարբեքիրի կենտրոնն անցյալում շատ բազմազգ, բազմամշակույթ է եղել։ Սակայն 1915-ի Հայոց ցեղասպանության ու դրան հաջորդած տարիներին տեղի ունեցածը ավերեցին Դիարբեքիրի այդ պատկերը։ Մինչ 1980-ականները Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ապրում էին հայ ընտանիքներ։ Նույնիսկ իմ մանկության տարիներին Դիարբեքիրում շարունակում էին հայեր ապրել։ Սակայն 1980-90-ականների ճնշումներն իրենց տներից վտարեցին անգամ այս «վերջին հայերին»։ Հայերը Դիարբեքիրում հյուր չեն, տեղի բնիկներն են։ Կարոյի՝ Դիարբեքիրից պատգամավորի թեկնածու առաջադրվելն այս առումով իմաստալից պատասխան է ցավոտ պատմությանը»։
Նշենք, որ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խորհրդարանում տեղի համար կպայքարի 4 հայազգի թեկնածու․ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը, նույն կուսակցության անդամ Լյուդմիլա Բյույումը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը և ընդդիմադիր «Լավ» կուսակցության համահիմնադիրներից Էլմաս Կիրակոսը։