Թրամփը կատարում է իր խոստումները. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը կատարում է իր քարոզարշավի ընթացքում տված խոստումները: Այս մասին նա ասել է «Շաբաթօրյա լուրեր» հաղորդման ժամանակ, տեքստը հրապարակվել է Vesti.ru կայքում:
Ըստ ՌԴ նախագահի՝ Վաշինգտոնի որոշմանը ընդհանուր առմամբ և Թրամփի որոշմանը մասնավորապես կարելի է տարբեր կերպ վերաբերվել: «Շատ բաներ կան, որոնք արժանի են քննադատության, սակայն կա մի հանգամանք, որը ես արդեն նշել եմ. Թրամփը կատարում է նախընտրական արշավի ժամանակ տված իր խոստումները»,- ասել է Պուտինը:
Նա ավելացրել է, որ դրանցից մեկը ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումն է: «Հուսով եմ, որ դա տեղի կունենա, ամեն դեպքում մենք պատրաստ ենք դրան, կարծում եմ՝ գնդակը ամերիկյան կողմում է», – հավելել է Ռուսաստանի նախագահը:
«Միացյալ Նահանգների նախագահի հետ ունեցած իմ փորձը ենթադրում է, որ չնայած նրան, որ նրա գործողությունները հաճախ քննադատվում են, հատկապես վերջերս, այդ թվում` միջազգային ասպարեզում և տնտեսության ոլորտում, այնուամենայնիվ այդ փորձը ինձ հուշում է, որ նա խոհուն մարդ է, նա գիտի լսել և արձագանքել զրուցակցի ներկայացրած փաստարկներին: Սա ինձ հիմք է տալիս հավատալու, որ երկխոսությունը կարող է կառուցողական լինել», – կարծում է Պուտինը: