Արքայադուստր Դիանայի՝ սմայլիկով նամակն աճուրդի է դրվել 1,5 հազար դոլարով «լուսանկարներ»
Արքայադուստր Դիանայի նամակը, որում նա կատակով խնդրում է «իրեն մեդալ ուղարկել» 30-ամյակի օրը, Բոստոնում դրվել է RR Auctions-ի աճուրդին: Երկէջանոց բարեկամական գրությունը՝ սմայլիկով, պլանավորվում է վաճառել շուրջ 1,5 հազար դոլարով: Այդ մասին հայտնել է Daily Mail բրիտանական թերթը:
Արքայադուստրը նամակը ձեռքով գրել է 1990 թվականի հուլիսին՝ ծննդյան 29-ամյակի կապակցությամբ Բրյուս Օլդֆիլդի եւ նրա բիզնես-գործընկերուհու՝ Անիտա Ռիչարդսոնի շնորհավորանքին ի պատասխան: Դրանում Դիանան նրանց շնորհակալություն է հայտնել նվերի՝ դիզայներական սվիտերի համար եւ կատակով խնդրել՝ իր համար մեդալ գտնել, երբ լրանա իր 30-ամյակը:
Բարեկամական ուղերձն ստորագրվել է Դիանայի անունով, ինչպես նաեւ՝ սմայլիկով եւ համբույրների նշաններով: Արքայադուստրը երկար ժամանակ ընկերություն էր անում Օլդֆիլդի հետ, որը նրա համար երեկոյան զգեստներ էր կարում:
Նամակի հետ միասին աճուրդի են դրվել ընտանեկան սուրբծննդյան բացիկներ՝ արքայազն Չառլզի եւ որդիների՝ Ուիլյամի ու Հարրիի հետ արքայադստեր լուսանկարներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: