CNN-ի՝ Հայաստան այցելած և Սերժ Թանկյանի մասնակցությամբ ֆիլմ նկարահանած հաղորդավարն ինքնասպան է եղել (տեսանյութ)
Գրող‚ շեֆ-խոհարար և հաղորդավար Էնթոնի Բուրդենը ինքնասպան է եղել: Այս մասին գրում է CNN-ը:
Բուրդենը 61 տարեկան էր: Պաշտոնական հաղորդագրության մեջ հեռուստաընկերությունը նշում է նրա սերը արկածների‚ լավ սննդի‚ խմելու և պատմությունների հանդեպ: «Նրա տաղանդները չէին դադարում մեզ հիացնել‚ մենք նրա կարիքը շատ կունենանք»‚- նշվում է հեռուստաընկերության բաց նամակում:
Բուրդենը մահացել է Ֆրանսիայում‚ որտեղ իր խոհարարական շոուի՝ Parts Unknown-ի նկարահանմանն էր գնացել: Նրա մտերիմ ընկեր Էրիկ Ռիպերը՝ ֆրանսիացի շեֆ-խոհարարը‚ Բուրդենին գտել է անգիտակից վիճակում հյուրանոցում:
Parts Unknown շոուի և ճամփորությունների վրա Էնթոնի Բուրդենը սկսել էր աշխատել 2013 թվականից: Հաղորդումը բազում պարգևների է արժանացել:
Հիշեցնենք‚ որ մայիսի վերջին համացանցում հրապարակվել էր Հայաստանի և Արցախի մասին պատմող CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենի կողմից նկարահանված ֆիլմի ամբողջական տեսագրությունը: