«Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը». Զոհրաբ Մնացականյան
«Մոսկվայում արդյունավետ աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Մնացականյան-Լավրով մոսկովյան բանակցություններին:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը արտգործնախարար Մնացականյանի հետ հանդիպումն ու նրա հետ բանակցությունները կառուցողական է համարել: Նա ասել է, որ բանակցություններն անց են կացվել երկու երկրներին կապող գործընկերության, ռազմավարական համագործակցության ոգուն համաձայն:
Նա ընդգծեց, որ կողմերն արձանագրել են հայ-ռուսական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը, այդ թվում և՝ բարձրագույն մակարդակում: Նա ընդգծել է, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ խոսել են նաև Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման խնդիրների, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին:
«Ռուսաստանը, ինչպես Երևանի ու Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում, այնպես էլ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործընկերների հետ շարունակելու է աջակցել կողմերին փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում»,- հայտարարել է Լավրովը:
«Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ռուսաստանի ներդրումը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Պատրաստ ենք շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բանակցային գործընթացի առաջընթացին: Այս փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացի շարունակականության վրա: Մեզ համար հենման կետերն անփոփոխ են մնում: Դրանք են՝ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը: Բանակցություններն ուղղված են հենց այս հարցերի լուծմանը»,- նշել է Մնացականյանը:
Եվսեևը նշեց, որ արտգործնախարարներ Լավրովն ու Մնացականյանն արդյունավետ աշխատանքային հանդիպում անցկացրին: Նրա որակմամբ՝ որևէ արտառոց հանգամանք առանձնացնել հնարավոր չէ, քանի որ քննարկվեցին ընթացիկ հարցեր: