Ուկրաինայում Տիմոշենկոն վերստին գլխավորել Է նախագահական վարկանիշը
Եթե Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվեին մայիսի վերջին, նախագահական վարկանիշը կգլխավորեր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, նրա օգտին կքվեարկեր ուկրաինացիների 13,3 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Իլկ Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի եւ Ռազումկովի կենտրոնի սոցիոլոգիական ծառայության համատեղ հարցման տվյալները:
Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պլանավորված են 2019 թվականի մարտի 31-ին: Ընդ որում՝ հանրապետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, հունիսի 5-ին հրապարակված հարցման արդյունքների համաձայն, չորրորդ տեղն Է զբաղեցնում վարկանիշում. նրա օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների միայն 7,6 տոկոսը:
Երկրորդ տեղում պաշտպանության նախկին նախարար, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոն Է՝ 9,4 տոկոսով, երրորդ տեղում՝ «Ընդդիմադիր դաշինք» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոն, որի օգտին պատրաստ Է քվեարկել հարցվածների 8,4 տոկոսը:
Սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով՝ նախագահի պաշտոնի թեկնածուների շրջանում բացահայտ առաջատարներ չկան, բոլոր հիմնական քաղաքական գործիչների վարկանիշները բավականին ցածր են:
Հարցումն անցկացվել Է մայիսի 19-ից մինչեւ 25-ը Ուկրաինայի ամբողջ տարածքում (բացառությամբ Դոնբասի չվերահսկվող շրջանների): Ընդամենը հարցվել Է 18 եւ ավելի բարձր տարիքի 2019 մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,3 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: