Սփյուռքի նախարարի խորհրդականի տարիքը համապատասխանում է պաշտոնի համար սահմանվածին. մեկնաբանում է փոխնախարարը
Վաղարշակ Հակոբյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակումը չի հակասում օրենքին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխնախարար Դավիթ Սարգսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե խորհրդականի տարիքը չի համապատասխան օրենքի դրույթին:
«Հանրային ծառայության մասին օրենքով խորհրդականի համար իսկապես սահմանված է 30 տարեկանի սահմանը: Սակայն այդ դրույթը պետք է դիտարկել մյուս դրույթների հետ համամասնորեն: Օրենքի նույն հոդվածում կա նշում, որ խորհրդականը պետք է նշանակվի պաշտոնի անձնագրին համապատասխան: Տվյալ պարագայում խորհրդականի պաշտոնի անձնագրում տարիքային սահմանափակումը բացակայում է»,-հիմնավորեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նույն օրենքում նշված է նաև, որ այդ 30 տարվա ցենզը սահմանող դրույթը վերաբերում է այն անձանց, ովքեր աշխատել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը: Հետևաբար, ամեն ինչ օրինական է:
Անդրադառնալով հանրային ծառայության ոլորտում 3 տարի աշխատանքային փորձ ունենալուն՝ նշեց, որ դա նույնպես համապատասխանում է: