Եվրամիությունը 20 միլիոն եվրո կտրամադրի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին
Եվրամիությունը 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն կապահովի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Եվրամիությունը չափազանց ակտիվ է Հայաստանում և մասնավորապես` Երևանում: Վերջին 7 տարիների ընթացքում Եվրամիությունը Երևանին հատկացրել է 25 միլիոն եվրո: Այս ամբողջն ուղղվել է Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքներին և բարեկարգմանը, Նուբարաշենի աղբավայրի վերակառուցմանը, Երևանում էներգաարդյունավետության ծրագրի իրականացմանը, ինչպես նաև փողոցային լուսավորության ապահովմանը: Մի ծրագրի շրջանակներում, որով համագործակցություն է իրականացվում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ, Եվրամիությունը կապահովի 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն: Այդպիսով՝ Եվրամիության ընդհանուր աջակցությունը Երևանին կհասնի ավելի քան 40 միլիոնի»,- ասաց Սվիտալսկին: