Կիևի դատարանն օրինական ճանաչեց Սահակաշվիլիի արտաքսումը Լեհաստան
Կիեւի շրջանային վարչական դատարանը մերժել է բավարարել «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի հայցը նրան Լեհաստան արտաքսելու որոշումն անօրինական ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին հունիսի 1-ին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։
«Կիեւ քաղաքի շրջանային վարչական դատարանը, քննելով Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության, Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության վարչակազմի դեմ Սահակաշվիլիի հայցին առնչվող գործը, որոշում է ընդունել՝ մերժել Սահակաշվիլիին հայցային պահանջների բավարարման հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Սահակաշվիլին դատարանին խնդրել էր անօրինական ճանաչել արտաքսման որոշումը, ինչպես նաեւ միգրացիոն ծառայությանը պարտավորեցնել՝ չեղարկելու այն: Դատարանը վճռել է, որ Սահակաշվիլին՝ որպես անօրինականորեն Ուկրաինայի տարածքում գտնվող անձ, Լեհաստան է արտաքսվել ստանդարտ ընթացակարգով՝ Ուկրաինայի եւ Եվրոպական հանրակցության միջեւ հայրենադարձության վերաբերյալ համաձայնագրի հիման վրա:
2015 թվականի մայիսին Սահակաշվիլին ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն, իսկ 2015 թվականի դեկտեմբերին դադարեցվել էր նրա՝ Վրաստանի քաղաքացիությունը: 2017 թվականի հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահակաշվիլիին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից:
Ընթացիկ տարվա փետրվարի 12-ին Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել էր Կիեւում, իսկ այնուհետեւ արտաքսվել Լեհաստան: Այնտեղ նա հայտարարել էր, որ չի դադարեցնի Ուկրաինա վերադառնալու փորձերը: Ավելի ուշ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը Սահակաշվիլիի մուտքը երկիր արգելել է մինչեւ 2021 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: