Մակունցը հանձնարարել է թանգարանային ֆոնդի օրենքների նախագծերը հետ կանչել Ազգային ժողովից
Մայիսի 29-ին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի եւ թանգարանային ոլորտի մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը նախարարը նոր առաջարկով է հանդես եկել:
«Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ քննարկմանը նախարարը տեղեկացրել է, որ բոլոր գերատեսչությունները մայիսի 15-ին ստացել են վարչապետի հանձնարարականը՝ ԱԺ-ում ներկա պահին առկա օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:
Նա քննարկման մասնակիցներին խնդրել է ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները հիշյալ օրենքների նախագծերի դրույթների վերաբերյալ, եւ կարծիք հայտնել՝ դրանցում կա՞ արդյոք փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն: Թանգարանային ոլորտի մասնագետների ճնշող մեծամասնությունը փաստել է, որ «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագծի բազմաթիվ դրույթներ գործնականում կիրառելի չեն:
Առաջարկվել է մշակել օրենքի նոր նախագիծ, որը կհամապատասխանի թանգարանային գործի կառավարման ժամանակակից պահանջներին: Մասնագետների կարծիքով՝ նոր նախագծով անհրաժեշտ է կարգավորել նաև նյութական մշակութային ժառանգության խնդիրները, սահմանել համապատասխան տերմինաբանական եւ իրավական հստակ ձևակերպումներ ՀՀ թանգարանների գործունեության վերաբերյալ:
Քննարկման արդյունքում որոշում է կայացվել ՝ «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը հետ կանչել ՀՀ Ազգային ժողովից եւ ստեղծել շահագրգիռ բոլոր կողմերից բաղկացած աշխատանքային խումբ՝ օրենսդրական նոր փաթեթ մշակելու նպատակով: