Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի նորանշանակ նախարարին
Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին:
Վեհափառ Հայրապետը շնորհավորեց նախարարին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին դարեր շարունակ ոչ միայն մշակույթի հովանավորն է եղել, այլև ստեղծողը: Վեհափառ Հայրապետը նշեց, որ այս իմաստով Եկեղեցին այսօր էլ շարունակում է իր առաքելությունն իրականացնել այդ ոլորտում` հատկապես տեղեկացնելով պատանիների և երիտասարդների գեղագիտական դաստիարակության մասին Մայր Աթոռի հովանու ներքո գործող 10 հայորդյաց տներում:
Անդրադառնալով անկախության տարիներին նախարարության և Մայր Աթոռի միջև ձևավորված սերտ համագործակցությանը տարբեր ծրագրերի շրջանակներում, ի մասնավորի պատմական սրբավայրերի և հուշարձանների պահպանության գործում` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ գրանցված ձեռքբերումներն այսօր ծառայում են ընդհանուր բարիքին:
Իր հերթին մշակույթի նախարարը ևս խոսեց հայկական մշակույթի պահպանման գործում Հայ Եկեղեցու դերակատարության մասին` կարևոր նկատելով Մայր Աթոռի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում:
Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ նախարարի պաշտոնավարության ժամանակ ևս գործակցության բարի արդյունքներ կարձանագրվեն:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: