Համագործակցությունը Մոսկվայի և Երևանի միջև շարունակվում է. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ոլորտում դանդաղեցում տեղի չի ունենում. բոլոր ֆինանսական, ներդրումային և առևտրային նախագծերը շարունակում են սեղանին դրված լինել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:
«Մենք չենք դադարեցրել և չենք դանդաղեցրել համագործակցությունը Հայաստանի հետ: Երբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նորանշանակ վարչապետի հետ, հաստատվել է, որ ամեն ինչ պահպանվում է: Վեկտորն ու դինամիկան նույնն են», - ասել է դիվանագետը:
«Չեմ կարող խոսել բոլոր հնարավոր նախագծերի առանձնահատկության մասին, սակայն բոլոր նախագծերը, որոնք առնչվում են ֆինանսական, առևտրային, ներդրումային և հումանիտար փոխհամագործակցությանը, սեղանին են դրված:
Այսինքն՝ մասշտաբների կրճատում կամ չեղարկում տեղի չի ունենում», - հավելել է պաշտոնյան: