«Մենք երաշխավորում ենք՝ այլևս որևէ մշակութային հուշարձան չի ոչնչացվի»․ Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները՝ թավշյա հեղափոխությունը, շատ մեծ մշակութային բաղադրիչ ունի»,- այսօր մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ մշակույթի նպատակ ասելով՝ ինքը հասկանում է երկու քաղաքացիների հարաբերությունների որակը․ «Մեր պատկերացմամբ՝ մշակույթի առանցքային նպատակը ՀՀ-ում կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների որակը հետևողական և շարունակական բարձրացնելն է»։
Նա նշեց, որ կառավարությունն իր դերակատարումը տեսնում է ոչ թե մշակութային բովանդակության մեջ խառնվելու, այլ՝ մարդկանց մշտական հաղորդակցումը մշակույթի և մշակութային կյանքի հետ ապահովելու մեջ։
Ներկաներից մեկը բարձրացրեց հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ մշակութային կենտրոններ այցելելու հարմարությունների բացակայության խնդիրը։ Ն․Փաշինյանն ասաց, որ իրենք առաջիկայում կառավարությունում կքննարկեն այդ հարցը և լուծումներ կգտնեն։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հարց բարձրացրեց պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ։ Ն․ Փաշինյանն ասաց, որ Մշակույթի նախարարությունում կա հուշարձանների պահպանության գործակալություն․ «Պատգամավոր եղած տարիներին իր քանի առիթներով շփվել եմ այդ գործակալության հետ ու համոզվել եմ, որ այնտեղ բարեխիղճ մարդիկ են ու բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքը։ Իրենք իրենց հանձնարարականները տվել են, բայց այլ մարմիններն են անգործություն ցուցաբարել։ Իհարկե, հուշարձանների պահպանության առումով մենք երաշխավորում ենք, որ ՀՀ-ում այլևս որևէ մշակութային հուշարձան չի ոչնչացվի»։
Պ․ Ավետիսյանը նաև առաջարկեց ստեղծել հարթակ, որտեղ մշակույթի քաղաքականության վերաբերյալ տարբեր տեսլականներ ունեցող մարդիկ կհավաքվեն ու կորոշեն ՀՀ մշակույթի քաղաքականությունը։ Նրա համար անհասկանալի է՝ մինչ այժմ ո՞րն է եղել այդ քաղաքականությունը։
Ի պատասխան՝ Ն․ Փաշինյանն ասաց․ «Մշակույթի քաղաքականությունը հենց այն է, ինչ ես ասացի, մեր խնդիրն է՝ ապահովել քաղաքացու և մշակույթի հաղորդակցությունը։ Մենք ասում ենք շատ կոնկրետ՝ ՀՀ յուրաքանչյուր երեխա տարին 1-2 անգամ անպայման պետք է թատրոն հաճախի, մեկ անգամ պետք է համերգ հաճախի, ցուցահանդեսում լինի և անպայման պետք է թանգարան այցելի։ Սա կարծում եմ՝ շատ կարևոր է, բայց երկարաժամկետ առումով մեզ պետք են ինստիտուցիոնալ լուծումներ»։