«Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլևս չի հրատարակվի. սփյուռքի նախարարի որոշումը
«Հայկական Սփյուռք» տարեգիրքն այլևս չի հրատարակվի: Այս մասին տեղականում ենք սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:
«Օրեր առաջ իմ աշխատասենյակում աչքովս մի չաղլիկ, շատ ծանր գիրք ընկավ: Հետաքրքրեց, սկսեցի ուսումնասիրել: Պարզվեց, որ դա «Հայկական Սփյուռք» անունով տարեգիրքն է, որը հրատարակում է Սփյուռքի նախարարությունը: Մեծ հաշվով գրքի էությունը հետևյալն է. տարեգրքի մեջ ընդամենը ներառված են նախարարության և գործընկերների կողմից իրականացված բոլոր միջոցառումները, նախարարի, երկրի առաջին դեմքերի կատարած այցերը: Եվ այս գիրքն ուղարկվում է սփյուռքյան մեր համայնքներին, որպեսզի աշխարհասփյուռ հայերը տեղեկացված լինեն վերոշարադրյալ կառույցների ու անձանց ծավալած գործունեության մասին:
Տարեգրքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստացա նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից: Նախ, պարզվեց, որ, օրինակ, այս տարի հրատարակվող գրքում զետեղված են 1-2 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Այսինքն, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները բացում են գիրքն ու ստանում «ժամկետն անց» տեղեկատվություն: Պարզվեց նաև, որ շատ հաճախ իրացման, ինչպես նաև առաքման հետ խնդիրներ են եղել, ուստի մի մասը բաժանվել է նաև ՀՀ-ում: Եվ ամենակարևորը, այս նախագծի համար մեր բյուջեն ամեն տարի զրկվել է 5 միլիոն դրամից, կրկնում եմ՝ հինգ միլիոն դրամ «Հայկական Սփյուռք» տարեգրքի համար:
Աներկբա է՝ մեր ժողովրդի կողմից վճարվող հարկերից կազմված պետական բյուջեի ամեն մի դրամը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործվի, հետևաբար, այսօր որոշեցի խորհրդակցել թիմակիցներիս՝ նորանշանակ փոխնախարարի, խորհրդականներիս և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ: Արդյունքում եկա այն որոշման, որ «Հայկական Սփյուռք» տարեգիրք նախագիծն իմ պաշտոնավարման օրոք չի լինելու, այդ 5 միլիոն դրամն էլ կամ կվերադարձվի բյուջե, կամ էլ անհամեմատ ավելի արդյունավետ, հավակնոտ ու գրավիչ նախագծի շրջանակներում կծախսվի:
Ես հիշեցնում եմ, որ դրսում արդեն վաղուց 21-րդ դարն է՝ նորագույն տեխնոլոգիաների դարը: Տարեգրքում հայտնված սույն տեղեկատվությունը տեսականորեն հնարավոր է անգամ մեկ ֆեյսբուքյան գրառմամբ անհամեմատ ավելի մեծ լսարան ապահովել, և դա անել առանց մեկ դրամ ծախսելու ու տոննաներով անիմաստ թուղթ վատնելու»: