Նախագահը նկարիչների միությունում ներկա է գտնվել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին
Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ անցկացված ցուցահանդեսում ներկայացվեց Հայաստանի նկարիչների միության անդամների ավելի քան հարյուր աշխատանք` թեմատիկ կտավներ, քանդակներ:
Միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 22-ին Հայաստանի նկարիչների միությունում:
«Նկարիչների միությունը մշտապես անդրադարձել է ազգի և պետության կարևորագույն իրադարձություններին: Այս տարի նախատեսված է իրականացնել 50 ցուցահանդես, որից կարևորագույնը բացվեց այսօր: Այս ցուցահանդեսին մասնակցության համար ներկայացվել էր 500 ստեղծագործության, բայց այսօր ցուցադրված է մոտավորապես 100 գործ: Հանձնաժողովը շատ խիստ է վերաբերվել` ընտրելով լավագույնները»,- նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` հավելելով, որ ցուցահանդեսն իրականացվել է բացառապես Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ:
Արվեստաբան Մարտին Միքայելյանի խոսքով`կյանքում չափազանց կարևոր են փոփոխությունները: «Մեծ կենսաբան Պավլովն ասել է, որ արտաքին աշխարհից եկող մոնոտոն գրգիռները զգալիորեն թուլացնում են մարդու նյարդային համակարգը: Դա կարող է անգամ խելագարության հասցնել անհատին: Ողջունում եմ նոր Հայաստանը և կարծում եմ, որ արվեստում էլ է փոփոխություն հարկավոր»,- շեշտեց նա:
Ցուցահանդեսն իր այցով պատվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա խոստովանեց, որ իսկապես ուրախ է, որ հանրապետության նկարիչների կողմից ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել: «Վաթսունականներին, երբ ես դեռ պատանի էի, այս շենքը երիտասարդների համար տաճար էր: Հիշում եմ, որ ամեն տարի այստեղ իրականացվում էին ցուցահանդեսներ, որտեղ ներկայացվում էին մեր մեծանուն նկարիչների` Մինաս Ավետիսյանի, Երվանդ Քոչարի և այլոց ստեղծագործությունները: Ամեն տարի նորություն էր լինում, և դա մեր կյանքում նոր էջ էր բացում: Մարտին Միքայելյանը ճիշտ նշեց, որ արտաքին գործոնները մեր ներքին կառուցվածքի վրա մեծ ազդեցություն ունեն: Հույս ունեմ, որ հետագայում Հայաստանն ավելի լավն է դառնալու, քան այսօր, և վաղը չէ մյուս օրն ավելի լավը, քան վաղը»,- ասաց Սարգսյանը:
Ներկայացված ցուցանմուշները մեծ ուշադրությամբ դիտելուց հետո նախագահ Արմեն Սարգսյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միայն այն փաստը, որ Երևանում Հայաստանի առաջին 100-ամյակին նվիրված ցուցահանդես է իրականացվում արդեն իսկ լավ է: «Հուսամ, որ մոտ ապագայում այլ ցուցահանդեսներ կլինեն, որտեղ կներկայացվեն տարբեր սերունդների ներկայացուցիչների գործեր: Այսօր Հայաստանը երիտասարդ երկիր է, և լավ կլինի առանձին ցուցահանդես կազմակերպվի, որտեղ կտեսնենք երիտասարդ ստեղծագործողների հեղափոխական գաղափարներն արվեստում: Նրանց քաղաքական մտքերն արդեն բոլորս տեսանք, բայց` ի՞նչ հեղափոխական տրամադրություններ կան ժամանակակից արվեստում դեռ պարզ չէ»,-հավելեց նախագահը:
Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգային խոշոր ծրագիր`հագեցված ձայնային, լուսային, 3D անիմացիոն աննախադեպ տեխնիկայով և սցենարային լուծումներով, որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական, տեսնել ներկան ու ոգեշնչվել՝ կառուցելու ապագան: