«Հայաստանում սիրում են Ձեր երգերը և հպարտանում Ձեզնով». Արա Բաբլոյանը՝ Շառլ Ազնավուրին
Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին:
Շնորհավորանքում ասվում է.
«Հարգելի պարոն Ազնավուր,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ եւ ջերմությամբ հիշում Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում:
Կատարողական բացառիկ արվեստի եւ հեղինակած շուրջ ութ հարյուր երգերի շնորհիվ Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում: Միաժամանակ ստեղծել եք էստրադային երգի ինքնատիպ եւ ունկնդրին այնքան հոգեհարազատ դպրոց` իրավամբ վաստակելով «մեծ շանսոնիե» կոչումը:
Հայաստանում սիրում են Ձեր երգերը, ուրախությամբ հետեւում են Ձեր ստեղծագործական ու բեմական հաջողություններին եւ հպարտանում Ձեզնով:
Անգնահատելի է այն հսկայական աշխատանքը, որը կատարեցիք Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո «Ազնավուրը` Հայաստանին» հիմնադրամի միջոցով: Իսկ «Քեզ համար` Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում:
Սիրելի մաեստրո, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, ստեղծագործական անսպառ եռանդ եւ ամենայն բարիք»:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, Երեւանում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի 94-ամյակի կապակցությամբ տեղի կունենա համերգ Շառլ Ազնավուրի հրապարակում:
Համերգի մասնակիցներն են «Lucas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը, Ջիվան Գասպարյան կրտսերը: Համերգը կեզրափակի դերասան Հայկ Պետրոսյանը շանսոնյեի լավագույն ստեղծագործությունների կատարմամբ: