Դարոն Աճեմօղլուն ուրախ կլինի խորհուրդներ տալ ՀՀ կառավարությանը, բայց կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ակտիվ լինել
Աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն ուրախ կլինի անել ամեն հնարավորը Հայաստանի համար այս պատմական ժամանակաշրջանում, սակայն կարող է միայն խորհուրդներ տալ։ Այս մասին մայիսի լույս 21-ի գիշերը նա հայտնել է Լոս Անջելեսում կայացած Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկման ժամանակ՝ շեշտելով, որ պատրաստ է խորհուրդներ տալ ՀՀ կառավարությանը, բայց իր պես դրսի մարդը լավ չի կարող հասկանալ երկրի ներսում ամեն առանձնահատկություն։
«Գրեթե կասկած չկա, որ Հայաստանը մեծ հաշվով ավազակապետություն էր վերջին երկու տասնամյակներին, եւ անգամ ավելի երկար ժամանակ։ Հրաշալի է, որ Հայաստանը շրջադարձի կամ պոտենցիալ շրջադարձի կետում է։ Ցավոք, որեւէ երկրի համար միասնական դեղատոմս չկա, որին պետք է հետեւեն եւ թոթափեն ավազակապետությունը»,–նշել է նա։
Դարոն Աճեմօղլու կարծիքով՝ այս փոփոխությունները երկու կողմ ունեն. «Առաջինը, որ պետք է լինի քաղաքական խաղաղ անցում, այսինքն՝ պահանջվում է սկսել քաղաքական փոփոխության գործընթաց, եւ այն չպետք է դուրս գա վերահսկողությունից եւ վերածվի քաղաքացիական մեծ պատերազի կամ մահացու զինված բախումների տարբեր խբերի միջեւ։ Հայաստանը, թերեւս, հրաշքով կարողացավ դա անել։ Մենք քաղաքական փոփոխությունների գործընթացի մեջ ենք, նոր դեմքեր, նոր ավյուն եւ նոր հեռանկարներ կան եւ որ ավելի կարեւոր է՝ մեծ խանդավառություն կա հասարակությունում, քաղաքացիական հանրությունում, բիզնեսում, սփյուռքում։ Մեզ համար հիմա առաջ շարժվելու նախադրյալների հիանալի համակցություն է։ Այս գործընթացի երկրորդ կողմն էլ կա՝ այն է, թե գործնականում ինչպես ենք կարողանալու փոխել ավազակապետային համակարգի խորքային, կեղեքիչ բնորոշիչները եւ ստեղծել մի համակարգ, որում կա խաղի հավասար կանոններ, իսկ մարդիկ շահագրգռված են մասնակցել երկրի տնտեսական ու սոցիալական զարգացմանը։ Դրա համար անհրաժեշտ է ազատվել կոռումպացված վերնախավից, ներդնել ինստիտուցիոնալ նոր տարրեր եւ կանխել կոռուպցիան ոչ միայն քաղաքական համակարգում, այլ նաեւ դատական համակարգում, բյուրոկրատական ապարատում»։
Աշխարհահռչակ տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանը այսքան երկար ժամանակ ավազակապետական էր, որովհետեւ չէր գործում դատական համակարգը։ «Սակայն այժմ ոչ թե պետք է բոլոր դատավորներին գործից հանել, այլ պետք է խաղի կանոնները փոխել։ չես կարող 5000 հոգու ազատել եւ նորերին բերել, որովհետեւ մարդկային կապիտալ չկա։ Պետք է դանդաղորեն այդ ամենը անել, ստեղծել համապատասխան մարդկային կապիտալ»,–նշել է նա։
Հայազգի տնտեսագետը համոզված է , որ Հայաստանի ժողովուրդն է, որ պետք է անի քայլ, եւ ո՛չ վարչապետը, ո՛չ պատգամավորները կամ դատավորները, վստահաբար՝ ո՛չ ես եւ ո՛չ էլ Սփյուռքը։ «Հայաստանի ժողովուրդը, երիտասարդությունը, որ երկար ժամանակ լուռ է եղել ու մի կողմ քաշված, պետք է ներգրավվեն քաղաքականության մեջ, նրանք պետք է այս ամենին իրենց մասնակցությունը պահպանելու եւ փոփոխության դրական միտման վերածելու ձեւ գտնեն։ Բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է ամեն օր բողոքի ցույցեր անեն։ Նրանք պետք է ներգրավված լինեն, պետք է չհանդուրժեն վերջին երկու-երեք տասնամյակներում թույլ տրված սխալների կրկնությունը։ Քաղաքացիները պետք է զգոն լինեն, մեդիայի եւ քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով գտնեն վերահսկելու ճիշտ ձեւը, որպեսզի հավաստիանան՝ նոր իշխողները հին այրերը չեն, այլ դրական փոփոխության շարունակությունը»,–եզրափակել է նա: