Եթե առաջնորդվենք գործող օրենքով՝ Կառավարության մաս կազմող ուժերի միջև պետք է ձևավորվի կոալիցիա. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
Կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի միջև նպատակների, սկզբունքների ամրագրման համար փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն կա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Վերջինս նշեց, որ փաստաթղթի մշակման շուրջ պաշտոնապես նման բանակցություններ չեն մեկնարկել, բայց հանդիպումների ժամանակ խոսվել է դրա կարևորության մասին:
Ա. Համբարձումյանը նշեց, թե այս պահին դժվար է ասել՝ ինչ անուն կունենա այդ փաստաթուղթը, արդյոք այն կլինի կոալիցիայի մասին, թե համաձայնության կառավարության ստեղծման, բայց շեշտեց, որ եթե առաջնորդվենք գործող օրենքներով, ապա ենթադրվում է, որ դա պետք է լինի կոալիցիա:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածությանը, խորհրդարանական մեծամասնությունն իրեն հռչակեց ընդդիմություն:
Միաժամանակ, խորհրդարանական մյուս երեք ուժերը կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը և հավաքեցին նրա առաջադրման համար անհրաժեշտ նվազագույն քանակով ստորագրությունները:
- Վերջերս «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չէր բացառել, որ մինչև նոր կառավարության ծրագրի ներկայացումը ստորագրվի համաձայնության կառավարության կամ մեկ այլ անվամբ փաստաթուղթ՝ այն ուժերի միջև, ովքեր կազմել են գործադիր իշխանություն: Ի՞նչ փուլում են այս քննարկումները:
- ՀՅԴ-ն ի սկզբանե այն մոտեցմանն է եղել, որ նման փաստաթղթի անհրաժեշտություն կա, իսկապես կա կարիք անդրադառնալ այդ հարցին, որովհետև քաղաքական համագործակցությունը ենթադրում է սկզբունքների, նպատակների ամրագրում: Բանակցություններ որպես այդպիսին չեն մեկնարկել, բայց հանդիպումների ժամանակ մենք խոսել ենք այդ հարցի կարևորության մասին:
- Ի՞նչ տեսք կունենա այդ համաձայնագիրը:
- Որևէ բան այս պահին կդժվարանամ ասել:
- Դաշնակցությունն ինչպիսի՞ փաստաթուղթ է ակնկալում:
- Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մաս են կազմում Կառավարությանը, ստանձնում են պատասխանատվություն, պետք է միանան այս փաստաթղթին, ձեռք բերված համաձայնությունները պիտի ամրագրվեն թղթի վրա:
- Այդ համաձայնագիրը, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ անուն պիտի ունենա՝ կոալի՞ցիա, համաձայնության կառավարության ստեղծման մասին փաստաթո՞ւղթ, կամ գուցե պատասխանատվությունը կիսելու մասին հուշագի՞ր:
- Կդժվարանամ ասել, թե ինչ անուն այն կունենա, բայց եթե առաջնորդվենք գործող օրենքներով՝ ենթադրվում է, որ դա պետք է լինի կոալիցիա: Ամեն դեպքում, հաշվի առնելով հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակները, չեմ բացառում, որ քննարկվի այլ տարբերակ ևս: