«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին (լուսանկարներ)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում ներկա է գտնվել «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված «Երևան 2800» գորգի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության հետ համատեղ «Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը տրվեց ուղիղ մեկ տարի առաջ, որն ինքնատիպ նվեր պետք է դառնար մայրաքաղաքի հոբելյանին:
«Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից ընկերությանն աջակցելու համար, նկատել է, որ «Երևան 2800» գորգն իսկապես կարևոր նվեր է Երևանին:
«Պարոն քաղաքապետ, գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից, Դուք մեզ հետ միասին արեցիք հնարավորը, որ ամեն ինչ համահունչ ու գեղեցիկ լինի, ինչպես Երևանն է այսօր: Այս գորգն իսկապես կարևոր նշանակություն կունենա Երևանի հազարամյակների պատմությունը մեր սերունդներին ներկայացնելու գործում», – նշել է Րաֆֆի Մեգերյանը:
Այնուհետ տեղի է ունեցել «Երևան 2800» գորգի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանին:
Իր հերթին ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Մեգերյան ընտանիքին և գորգագործ բոլոր վարպետներին՝ նվիրված աշխատանքի և նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:
«Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ մենք բազմաթիվ միջոցառումներ ունենք, որի մի մասն էր կազմում նաև «Երևան 2800» գորգի ստեղծումն ու հանձնումը Երևանի պատմության թանգարանին: Շնորհակալություն եմ հայտնում Մեգերյան ընտանիքին, ընկերության գորգագործներին, բոլոր աշխատակիցներին, որ կարողացան ժամանակին ավարտել Երևանի 2800-ամյակին նվիրված այս աշխատանքը: Այսօր մեր սերունդներին ենք փոխանցում ինքնատիպ մի գորգ, որում ներկայացված են Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքները: Եվ, ընդհանրապես, բոլորիս համար իսկապես հպարտություն է, որ մասնակիցն ենք դառնում Երևանի հիմնադրման 2800-ամյակի թե՛ այս և թե՛ բոլոր միջոցառումներին ու նախաձեռնություններին», – նշել է քաղաքապետը:
Հանդիսավոր արարողության ժամանակ, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ, գորգագործության մշակույթի պահպանման, զարգացման և տարածման, ինչպես նաև ձեռագործ գորգերի արտադրության գործում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Մեգերյան կարպետ» ընկերությանը պարգևատրել է Երևանի 2800-ամյակի հուշամեդալով:
«Երևան 2800» հոբելյանական միջոցառումների ծրագրով «Երևան 2800» գորգի ստեղծման աշխատանքների իրականացման, գորգագործության մշակույթի պահպանման, զարգացման և տարածման համար «Մեգերյան կարպետ» ընկերության դիզայներ Նաիրա Մխիթարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով:
«Մեգերյան կարպետ» ընկերության գորգագործներ Լիլիթ Վարդանյանը, Ռոզա Սարգսյանը, Սուսաննա Ասատրյանը, Գոհար Թութխարյանը, Աննա Բադալյանը և Ջուլիետա Սեխլեյանն էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
Նշենք, որ բնական հումքով, բրդյա թելերով գործված գորգի լայնությունը 4մ է, երկարությունը՝ 7մ: Հոբելյանական գորգի կենտրոնական դաշտում պատկերված է Երևանի ծննդյան վկայականը՝ ուրարտական շրջանի սեպագիր արձանագրությունը: Գորգի հիմնական խորհրդանշական տարրերն են կենտրոնական դաշտի աջ և ձախ կողմերում գտնվող կերպարները՝ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտի արքան և նոր Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Կենտրոնական դաշտն ամփոփում է նաև Կենաց ծառ խորհրդանշական պատկերը, որը ճյուղավորվում և շարունակվում է՝ վերևում դառնալով սոսու տերև: Դրանք երկուսն էլ խորհրդանշում են կյանքի շարունակականության գաղափարը: Կենտրոնական դաշտում պատկերված են նաև տասներկու մայրաքաղաքները ներկայացնող զարդանախշ տարրեր, որոնք թվագրվում են ըստ իրենց ժամանակաշրջանների: Բացի այդ, գորգի վրա պատկերված են նաև ներկայիս Երևանի կարևորագույն՝ պետական, մշակութային, հոգևոր խորհրդանիշ շենքերը: