Լավրովը չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցերն Արգենտինա և Կուբա՝ նոր ձևավորված կառավարության միջոցառումների պատճառով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ նշելով, որ «Մեծ քսանյակի» (G20) ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանը կմասնակցի նախարարի տեղակալի մակարդակով:
«Նոր ձևավորված կառավարության մի շարք միջոցառումներով պայմանավորված՝ արտաքին գործերի նախարարի՝ այս օրերին նախատեսված այցերն Արգենտինա և Կուբա չեն կայանա: Բուենոս Այրեսում կայանալիք «քսանյակի» նիստին Ռուսաստանը կներկայացվի փոխնախարարի մակարդակով»,-տեղեկացրել են նախարարությունից: «Մեծ քսանյակ»-ի ԱԳՆ-ների գագաթնաժողովը կկայանա մայիսի 21-ին Բուենոս Այրեսում:
G20-ը 20 տնտեսություն (19 ազգային տնտեսություն և ԵՄ) ներկայացնող ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձևաչափ է։ «Մեծ քսանյակի» կազմում ընդգրկված են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան, Ճապոնիան ու ԵՄ-ն: