Լուսանկարչությանը պետք է ուշադրություն դարձնել. Նախարար Մակունց (լուսանկարներ)
Լուսանկարչությունը որպես ժամանակակից մշակույթի կարևոր բաղադրիչ, որին պետք է ուշադրություն դարձնել: Փորձել միասին հստակեցնել պետության միջամտության ձևաչափն ու ուղիները, որպեսզի չտուժի նաև ստեղծագործական ազատությունը։.Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ու լուսանկարչության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ընդհանուր տրամաբանությունն այսպիսին էր: Նախարարը տեղեկացրեց, որ մշակվում է նոր կառավարության մշակութային քաղաքականությունը, և նրա մեծ ցանկությունն է, որպեսզի լուսանկաչության ոլորտն անպայման մաս կազմի այդ քաղաքականությանը:
Հայաստանում լուսանկարչության ոլորտը զարգացնելու, եղած բացը լրացնելու վերաբերյալ հնչեցին բազմաթիվ առաջարկություններ։
Կարևորվեցին ոլորտը օրենսդրորեն կարգավորելու, հայ լուսանկարչության հարուստ ժառանգությունը պահպանելու, այդ նպատակով լուսանկարչության թանգարան ստեղծելու խնդիրները: Ոլորտի առանձին նվիրյալներ մեծ աշխատանք են կատարում, բայց աշխատանքը ներկայացնելու հնարավորությունը խիստ սահմանափակ է. համապատասխան ցուցասրահների հարցը, պարզվեց, լուսանկարիչների ամենացավոտ խնդիրներից է:
Մասնագիտական գրականություն, լուսանկարչական արդիական լաբորատորիաներ, հետազոտական կենտրոն, գրադարաններ, բարձրորակ տպագրություն, ոլորտում առկա «բացերի» ցանկից են:
«Ինչպես ասում էր Սարոյանը՝ մեր ուզածը սեր է ու փող: Լուսանկարիչներն իրենց գործը սիրով անում են, բայց ֆինանսների խնդիր կա»,-դիտարկումը Զավեն Խաչիկյանինն էր:
Թվարկած ու օրվա քննարկումից դուրս մնացած խնդիրներին անդրադառնալու նպատակով նախարար Մակունցն ու լուսանկարչության ոլորտի ներկայացուցիչները բաժանվեցին նախարարությունից դուրս մեկ անգամ ևս հանդիպելու պայմանավորվածությամբ: