Թուրքիան շատ հեռու է այն բարոյահոգեբանական մտածելակերպից, ինչ տիրում է աշխարհում
Այսօր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տարածաշրջանում զարգացումների, ինչպես նաև Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Նրա խոսքով' Եգիպտոսում լարված իրավիճակ է տիրում: Այդ քաոսային վիճակը հիմնականում նպաստում է մի կողմից Արևմուտքի կողմից իրականացվող «արաբական գարունների» քաղաքականությունը, մյուս կողմից' տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս պայքարը ձեռք է բերում համամոլորակային բնույթ:
Այդ ամենը վկայում է այն մասին, որ մարդկությունը մտնում է այնպիսի մի փուլ, որի աշխարհաքաղաքական բնութագրականը կլինի նոր' բազմաբևեռ աշխարհի ձևավորումը, իսկ վիրտուալ իրականությունը սկսում է արդեն իր իրական ազդեցությունն ունենալ:
Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Թուրքիայի Գեյզի զբոսայգու շարժմանը նշեց, որ դա ոչ թե էկոլոգիական, այլ խորքային բնույթ է կրում: Թուրքիայում շատ արագ տեղի ունեցավ տնտեսական աճ, որը նպաստեց նաև բնակչության կենսամակարդակի զարգացման աճին: Թուրքիան շատ հեռու է այն բարոյահոգեբանական մտածելակերպից, ինչ տիրում է աշխարհում, որին երիտասարդները հետզհետե ծանոթանում են:
Անդրադառնալով Սիրիայի դեպքերին թուրքագետը նշեց, որ Թուրքան խորապես ներգրաված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Թուրքիան մի փոքր զգուշություն է ցուցաբերում, բայց չի բացառվում, որ գարնանը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, որոնք Թուրքիայում կարևոր նշանակություն ունեն, նոր զարգացումներ տեղի ունենան: Թուրքիան ու Արևմուտքը միևնույն ճամբարում են գտնվում: Կարծում եմ Էրդողանը կգնա այդ քայլին' երկրում իր վարկանիշը բարձրացնելու համար: