Հույս ունենք‚ որ երկու երկրների հարաբերությունները նույնքան դրական կզարգանան, որքան մինչ օրս. Պուտինը՝ Փաշինյանին
Ռուսաստանի համար «Հայաստանը մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է տարածաշրջանում»՝ դա վերաբերում է ինչպես տնտեսական փոխգործակցությանը, այնպես էլ անվտանգության հարցերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում կայացած հանդիպմանը:
Պուտինը հաջողություն է մաղթել Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերությունները նույնքան դրական կզարգանան, որքան մինչ օրս, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պուտինը հավելել է նաև, որ Մոսկվան կշարունակի ակտիվ աշխատել Երևանի հետ նաև միջազգային ասպարեզում,միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ից սկսած և տարածաշրջանային կազմակերպություններով վերջացրած՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման ոլորտներում:
Պուտինը հիշեցրել է, որ ՌԴ-ն Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում ՀՀ ապրանքաշրջանառության 25%-ը, իսկ ռուսական ներդրումները կազմում են ՀՀ տնտեսության մեջ արված բոլոր ներդրումների 35%-ը: ՌԴ նախագահը հավելել է, որ «դա շատ լավ դինամիկա է»:
Պուտինը հույս է հայտնել, որ «շատ լավ արդյունքները», որոնք վերջին շրջանում տեսանելի են տնտեսական գործակցության ոլորտում, «կհաջողվի ոչ միայն պահպանել, այլ նաև բազմապատկել»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է. «Ոչ ոք կասկածի տակ չի դրել և, կարծում եմ, չի դնի հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Մենք վճռական ենք նոր խթան հաղորդելու թե քաղաքական, թե առևտրատնտեսական հարաբերություններին»: