ԵՄ-ն չի նահանջի ահաբեկչության առաջ. Եվրախորհրդարանի նախագահ
Եվրամիությունը չի նահանջի ահաբեկիչների առաջ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությամբ կիրակի հանդես է եկել Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Փարիզյան օպերայի մոտակայքում: Տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա: Մեկ մարդ մահացու վնասվածքներ էր ստացել: Եվս 4 մարդ տուժել է: Ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին:
«Մենք չենք նահանջի ահաբեկիչների առաջ: Նրանք փորձում են տպավորել մեզ իրենց գործողություններով, սակայն կբախվեն մեր առավել մեծ վճռականությանը», - գրել է Տայանին Twitter-ում:
Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարել է, որ ոստիկանությունը կատարվածում ահաբեկչական հետք է գտել: Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հարձակում իրականացնողը չեչեն Համզաթ Ազիմովն է, որը 2010-ին Ֆրանսիայի քաղաքացիություն էր ստացել: