Սփյուռքի նոր նախարարի հետ սիրով կաշխատենք․ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ
Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ չնայած որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին ինքն անձամբ չի ճանաչում, այնուամենայնիվ, պատրաստ է աշխատել նրա հետ, որպեսզի միասին զորացնեն, զարգացնեն Հայաստան-Սփյուռք ռազմավարական հարաբերությունները՝ թե՛ «Հայ դատի», թե՛ մշակույթի, թե՛ տնեսության մասով:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հաստատում են իրենց մասնակցությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացում:
Դիտարկմանը, թե իրեն չի կաշկանդում երիտասարդ՝ 28 տարեկան նախարարի հետ աշխատելու միտքը, Մուրադ Փափազյանը պատասխանեց. «Լավ է, որ երիտասարդ նախարարներ, երիտասարդ կադրեր են առաջ գալիս: Երկրի համար շատ լավ է և համապատասխանում է թավշյա հեղափոխության տրամաբանությանը»,- ասաց նա՝ նշելով, որ մեծ հետաքրքրությամբ են սփյուռքից հետևում այստեղի ներքաղաքական զարգացումներին:
Մուրադ Փափազյանը չցանկացավ համեմատել նախորդ և ներկայիս սփյուռքի նախարարներին և նրանց վարած ու վարելիք գործունեությունը: Ասաց՝ անձերով չի ցանկանում պայմանավորել նախարարության գործունեությունը: «Հրանուշ Հակոբյանը շատ փորձառու քաղաքական գործիչ էր, երկար տարիներ քաղաքականության մեջ է եղել: Նոր նախարարին չեմ ճանաչում: Այդ իսկ պատճառով չեմ ցանկանում նրանց համեմատել, ճիշտ չի լինի»,- ասաց նա:
Ֆրանսիահայ գործիչը հույս հայտնեց, որ նոր նախարարը՝ Մխիթար Հայրապետյանը, կկարողանա աշխուժացնել, կարևորություն տալ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ շեշտը դնելով նաև հայ ժողովրդի թշնամիների՝ Ադրբեջանի, Թուրքիայի դեմ պայքարի ընդհանուր ռազմավարության վրա: «Հայ դատը պետք է պաշտպանենք»,- ասաց նա:
Նա մատնանշեց, որ օրեր առաջ է ֆրանսիական հայտնի «Լը Մոնդ» թերթում հոդված է հեղինակել, որտեղ նշել է՝ առիթից պետք է օգտվել և նոր Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական հարաբերություններ զարգացնել: «Այսօր Հայաստանում Ֆրանսիայի ներդրումների ծավալը 50 միլիոն է: Դա ներկայություն չէ: Դա կարող է ավելանալ: Ավելի ժողովրդավար Հայաստանը կարող է ավելի հեշտ համոզել, որ սփյուռքի ընկերությունները գան, հաստատվեն Հայաստանի շուկայում»,- ասաց նա:
Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող մարմինը, ըստ Մուրադ Փափազյանի, աշխատել և աշխատում է Հայաստանի բոլոր կառավարությունների հետ:
«Մենք ներկայացնում ենք բոլոր հայկական կազմակերպությունները՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, եկեղեցիները: Մեր պարտականությունն է համագործակցել պետության հետ: Նոր նախարարի հետ սիրով կաշխատենք, բայց կաշխատենք ոչ միայն սփյուռքի նախարարության հետ, այլ նաև կարող ենք դեր խաղալ այլ ոլորտներում Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների ամրապնդման հարցում»,- ասաց նա:
Մուրադ Փափազյանի խոսքով՝ ինքն ակնկալում է, որ այսուհետ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է լինեն աշխատանքային, գործնական հարաբերություններ: «Մենք պետք է աշխատենք: Պետք է արագացնենք և ավելի մեծ թափ տանք Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, որոնք ռազմավարական բնույթի են»,- ասաց նա: