Հիմնական գործոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իմ քաղաքական թիմի վստահությունն է իմ անձի նկատմամբ. սփյուռքի նորանշանակ նախարար (տեսանյութ)
Սփյուռքի նորանշանակ 28-ամյա նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ իր նշանակման մասին քննարկումը եղել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո, իսկ մինչ այդ իրենք բացարձակապես թիմի ներսում չեն քննարկել որևէ մեկին որևէ պաշտոնին նշանակելու հարցը:
«Կար մեկ նպատակ՝ վարչապետի ընտրության հարցն էր, որից հետո միայն սկսվեցին քննարկումներ թիմի ներսում՝ նորանշանակ վարչապետի հետ: Իմ դեպքում հաշվի առնվեց այն հանգամանքը, որ ես 2-3 տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սփյուռքի հետ հարցերի համակարգողն էի, լավագույնս տեղեկացված էի Հայաստան-Սփյուռք կապի բազմաթիվ խնդիրներից և ընդհանուր պատկերացում ունեի տեսլականի և հետագա անելիքների մասին»,- Tert.am-ին հայտնել է նորանշանակ նախարարը՝ հավելելով, որ գուցե նաև վարչապետը հաշվի է առել իր այլ հմտություններ ևս՝ բանակցային դպրոցում սովորելը, լեզուներին տիրապետելը,- «Բայց հիմնական գործոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իմ քաղաքական թիմի՝ փոխվարչապետների վստահությունն է իմ անձի նկատմամբ»: