Թանգարանների գիշեր ծրագրում ավելի քան հարյուր թանգարան է ներգրավվել Հայաստանից և Արցախից
Թանգարանների գիշեր ծրագրին այս տարի միացել է Հայաստանի և Արցախի 116 թանգարան: Թանգարանների գիշերը 15-րդ անգամ Հայաստանում և 6-րդ անգամ Արցախում կնշվի մայիսի 19-ին: Միջոցառումն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա առաջին շաբաթ օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից:
2018 թվականին ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»: Միաժամանակ, երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ կլինի նաև Առաջին հանրապետության 100-ամյակին:
Կազմակերպվելիք միջոցառումները ևս մեկ անգամ կնպաստեն հայրենի մշակույթի և հայոց պատմության հերոսական էջերի հանրահռչակմանը` ամրապնդելով մշակութային արժեքների պահպանության, տարածման, սերունդներին դրանց հաղորդակից դարձնելու և հասարակության տարբեր տարիքային խմբերի ներգրավվածությունը միջոցառումների շուրջ ապահովելու նպատակին: