Ի պատասխան ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հայտարարությունների
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մայիսի 11-ին ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը բավական ակտիվություն դրսևորեց՝ կապված Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Զարմանալի մի բան, որովհետև այս 8 ամիսների ընթացքում պարոն Ցոլակյանը պահպանում էր անտարբեր լռություն: Զարմանալի է նաև այն,որ ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց արձագանքներին ի պատասխան` ԱԺ պատգամավորը պատասխանում է գրեթե նույն ոճով, ինչ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը. փորձում են իրենց ուղղված քննադատությունների հետևում ինչ-որ քաղաքական դրդապատճառներ տեսնել, որն ուղղակի ծիծաղելի է: Սա երևի փորձված կոմունիստա-ՀՀԿ-ական ոճի ինքնապաշտպանության ձև է:
Հարգարժան պարոն Ցոլակյանին հիշեցնեմ, որ ՇՊՀ-ում իրավիճակը սրված է 8 ամիս (2017 թ. սեպտեմբերից) և որևէ քաղաքական ենթատեքստ երբևէ չի ունեցել:
Պարոն Ցոլակյան, պետք չէ կեղծ օրակարգ ստեղծել և դրա շուրջ քննարկումներ անցկացնել: Լինելով ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ` Դուք պարտավոր էիք ուշադիր լինել մեր բուհում տեղի ունեցող իրադարձություններին,այնինչ միշտ գերադասել եք հեռու մնալ ու բազմիցս դժգոհել եք, որ մենք Ձեզ ներքաշում ենք բուհի խնդիրների մեջ: Հետաքրքիր է, իսկ ու՞մ պետք է ներքաշենք, եթե ոչ Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին: Մարտի 24-ի ֆարս-մեծ խորհուրդ կոչվածի ժամանակ մի արտահայտություն եք արել՝ «Տղաների բարձրաձայնածը կեղծ օրակարգ է»: Հետաքրքիր է, որ ԿԳ արդեն նախկին նախարար Լևոն Մկրտչյանը հենց Ձեր ներկայությամբ հայտարարեց,որ մեր բարաձրաձայնած շատ հարցեր տեղում հրահանգել է լուծել Սահակ Մինասյանին, իսկ Դուք Հռոմի պապից կաթոլիկ երևալու համար մեր բարձրաձայնած խնդիրները կեղծ օրակարգ եք անվանում: Ո՞րն է կեղծ օրակարգը:
Այն,որ Սահակ Մինասյանը ինտեգրված ուսուցման ձև էր մտցրել ՇՊՀ-ում,որը գոյություն չունի Հայաստանում,այն որ 50 տոկոսով կրճատել էր լսարանային ժամերը, այսպես կոչված, թերբեռնված կուրսերում, այն, որ գրադարանային ֆոնդի կեսից ավելին է ոչնչացրել, այն, որ 100 միլիոնից ավելի գումար է ծախսել բուհի դահլիճի վերանորոգման համար,այն, որ ԿԳՆ-ին տրամադրված փաստերը չեն համապատասխանում հիմա ներկայացված ՇՊՀ ռեկտորի հաշվետվության հետ,այն, որ կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր է մատուցում ՇՊՀ-ում,այն, որ Սահակ Մինասյանի վերջին հաշվետվության ֆինանսական մասը խայտառակություն է, և բուհի ֆինանսական բացասական սալդոն կազմում է 242 273 000 դրամ,որը հանցագործություն է, քանի որ այն չպետք է գերազանցեր բուհի բյուջեի 10 տոսկոսը,այնինչ կազմում է 20 տոկոս,այն, որ Սահակ Մինասյանը Ձեր իսկ լռության պայմաններում կոպտորեն խախտում է համալսարանի կանոնադրությունը և իր ցանկությամբ դեկանների ընտրություն է անցկացնում, ապօրինաբար աշխատակիցներ է ազատում և այլն:Ո՞րն է այստեղ կեղծ օրակարգ, պարոն Ցոլակյան:
Դուք և ԿԳ նախարարը չէի՞ք ասում,որ Սահակ Մինասյանի թիկունքին,իսկ ես կասեի բեսպրեդելության հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի հրավիրմանը,ապա ասեմ,որ այդ խորհդի 95 տոկոսը Սահակ Մինասյանի "մարդիկ" են (քրոջ հարս, քրոջ թոռների քավոր, բուֆետի աշխատող, նախկին աշխատանքային մտերիմներ և այսպես շարունակ), և մենք բացարձակ չենք հավատում նրանց անկողմնակալությանը: Նույն այդ հոգաբարձուների խորհուրդը ևս պետք է պատասխան տա Սահակ Մինասյանի գործունեության համար:
Պարոն Ցոլակյան, ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները պահանջում են անհապաղ հանգուցալուծում..Մենք խոսում ենք ՓԱՍՏԵՐՈՎ և ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ,որոնք ամրագրված են ԿԳՆ-ի հաշվետվության,ինչպես նաև այլ փաստաթղթերում: Մենք չենք առաջնորդվում կոլխոզ-սովխոզային կոլեկտիվության սկզբունքով և կեղծ ստորագրահավաքներով,որը ևս ռեկտորի օգտին չէր: Մինասյանի հետ ցանկացած շփում միշտ էլ մարդկանց ի վերջո կանգնեցնում է սահմանային իրավիճակի առաջ: Որպես ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ` կոչ ենք անում Ձեզ դադարեցնել Ձեր լիազորությունները. Դուք և մենք ապրում ենք Նոր Հայաստանում:
Դեռ Ձեզ հավատացող ու հարգող ՝ Գագիկ Համբարյան, Հովհաննես Խորիկյան