ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը վարորդական վկայականների հարցով աշխատում է ՌԴ մարմինների հետ
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների հարցով աշխատում է ՌԴ մարմինների հետ։
Դեսպանատան ֆեյսբուքյան էջում ասվում է. «Հիմք ընդունելով վերջին շրջանում դեսպանությանն ուղղված հարցումները՝ հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հետևողական աշխատանքներ է տանում ռուսաստանյան պատկան մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների կողմից ՌԴ տարածքում ՀՀ ազգային վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման սահմանափակման վերացման հետ կապված խնդրի կարգավորման ուղղությամբ։ Վերոնշյալի շուրջ լրացուցիչ տեղեկատվություն կհայտնենք հետագայում»։
Հիշեցնենք, որ խնդրի մասին բարձրաձայնել էր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված կրկին դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին և խնդրել «միջոցներ ձեռք առնել մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»:
Նա նաև տեղեկացրել էր, որ հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում: