Հունիսի 1-ից կսկսվի ԵՄ-Հայաստան համաձայնագրի պրակտիկ փուլը
Եվրոպական միությունը պատրաստ է աշխատել նոր կառավարության հետ:
«Մենք պատրաստ ենք նոր կառավարության հետ քննարկել հիմնական ակնկալիքները և առաջնահերթությունները: Թեև հավատացած եմ, որ մեր մոտեցման ընդհանուր հարթակը պետք է կառուցված լինի ժամանակ չկորցնելու սկզբունքի վրա, քանզի նոր համաձայնագիրը պարունակում է մի շարք կարևոր հնարավորություններ և մենք լի ենք էներգիայով համագործակցելու մեր հայ գործընկերների հետ՝ իրականացնելու համաձայնագրի դրույթները»,-ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ իր գործընկերները Բրյուսելից կգան Հայաստան և կլսեն հիմնական ուղերձները:
«Հունիսի մեկից կսկսենք ԵՄ-Հայաստան համաձայնագրի պրակտիկ փուլը: Համաձայնագիրը պարունակում է տարբեր դրական զարգացումների հնարավորություն: Այս փաստաթուղթը պետք է դարձնենք իրականություն՝ շոշափելի , տեսանելի արդյունքներով սովորական հայ քաղաքացու համար»:
Այսօր տրվեց Եվրոպայի օր տոնակատարությունների մեկնարկը: 16 հայ դիզայներ ցուցադրեցին հագուստի իրենց հավաքածուները: Նրանց ոգեշնչման աղբյուրը Եվրոպական միության դրոշն էր:
«Գերակշռող գույներն են կապույտը և դեղինը, բայց յուրաքանչյուր դիզայներ իր ոճի մեջ և իր փիլիոսոփայությանը հավատարիմ արել է իր ինտերպրիտացիան»,-նշեց դիզայներ Վահան Խաչատրյանը:
Այս տարի Եվրոպայի նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքում՝ Իջևանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Եղեգնաձորում: Ամփոփումն էլ կլինի հունիսի 2-ին՝ Երևանում: