Կրեմլում հայտնել են, թե որոնք են լինելու Պուտինի և Փաշինյանի կայանալիք հանդիպման թեմաները
Սոչիում մայիսի 14-ին կայանալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները կարևոր է երկու երկրների առաջնորդների ծոնոթության տեսանկյունից, երկկողմ հարաբերությունների խորը քննարկում սպասել պետք չէ:
Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի՝ միջազգային հարցերի գծով օգնական Յուրի Ուշակովը՝ պատմով, թե ինչի մասին են խոսելու Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները երկուշաբթի՝ մայիսի 14-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը, հաղորդում է РИА Новости-ն:
«Դա առաջին շփումն է: Այն կարևոր է այն տեսանկյունից, որ պետությունների ղեկավարները կծանոթանան իրար հետ»,- ասել է Յուրի Ուշակովը:
Դիվանագետը չի սպասում, որ այդ հանդիպմանն անմիջապես կայանալու է երկկողմ համագործակցության թեմաների քննարկում:
«Բայց որոշ թեմաների անդրադարձ կլինի, այդ թվում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության առնչությամբ Փաշինյանի հայտնի հայտարարությունները»,- հավելել է Ուշակովը:
Նշենք, որ Սոչիում մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գագաթնաժողովին իր մասնակցությունը Հայաստանի վարչապետը հաստատել էր օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: