Ոչ միայն հայերն են սպասում Լեոնտևի ներողությանը, այլև ռուսները. գործարար Գերման Ստերլիգով (տեսանյութ)
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը «Ռոսնեֆտ» ընկերության փոխնախագահ և լրագրող Միխայիլ Լեոնտևին ուղղված տեսաուղերձ է հրապարակել՝ կապված «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում Հայաստանին վերաբերող սկանդալային արտահայտությունների հետ:
«Սպասում ենք ձեր ներողությանը: Ոչ միայն հայերը, այլև ռուսներն են սպասում: Ես իրավունք ունեմ դա ասել ռուս ժողովրդի անունից, քանի որ ես ռուս եմ», - ասել է Ստերլիգովը:
Գործարարն ընդգծել է, որ Լեոնտևն իր ելույթով հակամարտություն է սադրել երկու ժողովրդի միջև և իր «գռեհիկ» արտահայտություններով խայտառակել է ոչ միայն ռուսներին, այլև «Ռոսնեֆտին»:
«Դուք կռվեցնում եք հայերին և ռուսներին, դուք այդպիսի հանձնարարական ունե՞ք: Ո՞վ է դա հանձնարարել: Չեմ հավատում, որ Սեչինն («Ռոսնեֆտի» ղեկավարը) է դա արել: Ստացվում է, որ դուք ուրիշ մեկի համար էլ եք աշխատո՞ւմ», - ընդգծել է Ստերլիգովը:
Վերջինս հայ ժողովրդին վտսահեցրել է, որ ռուսները վրդովմունքով են լսել Լեոնտևի խոսքերն՝ ուղղված հայերին: «Ռուսներն ու հայերը երբեք չեն պատերազմել միմյանց դեմ: Մենք մշտապես, երբ կարողացել ենք, օգնել ենք իրար», - նշել է գործարարը:
Վերջինս 2015 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընտանիքով բնակվել է Շուշիում, ինչի պատճառով ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ անցանկալի մարդկանց ցուցակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում անհաջող են համարում հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանի մասին և կարծում են, որ դրանց պետք չէ ուշադրություն դարձնել:
Լեոնտևը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտնել էր, որ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար: