Մենք այսուհետ ընդդիմություն ենք, և դա պատվաբեր տեղ է մեզ համար. Արմեն Աշոտյան
Հայտարարությունները, թե Հանրապետական կուսակցությունը լքում է հայաստանյան քաղաքական դաշտը, վաղաժամ են և դրանք չեն բխում ներկայիս քաղաքական իրավիճակից, այսօր Հանրապետական կուսակցության գրասենյակում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեր ընդդիմախոսներն իրենք են պնդում, որ մեր շարքերում կան անձինք, ովքեր կարող օգտակար լինել Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցալական ոլորտներում: Հանրապետական կուսակցությունը առաջին հերթին ցույց տվեց իր կոնսոլիդացված դերը որպես ընդդիմություն, երկրորդ հերթին մեզ հաջողվեց պահպանել կուսակցական միատարր կառուվածքը և երրորդ հերթին մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ապա ընդդիմության մեջ է», - հայտարարեց Աշոտյանը:
Նրա խոսքով ժողովրդավարություն կառուցող և բազմակարծության ձգտող երկրում ընդդիմությունը «պատվավոր և պատասխանատու տեղ է»:
«Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր իշխանություն, որը վայելում է հանրության աջակցությունը, միևնույնն է ընդդիմության կարիքն ունենալու է», - նշեց Աշոտյանը՝ ընդգծելով, որ իրենց բավականացնում է խիզախությունը հայտնել այն կարծիքը, տեսակետը, որը իրենք համարում են ճիշտը: