Դու հեռացար... Սիլվա Կապուտիկյան
Դու հեռացար...
Բայց ես գիտեմ, ես գիտեմ,
Ուր էլ գնաս, ես քեզ հետ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...
Հազար աչքեր հուրհրան քո առաջին'
Ես կնայեմ աչքից ամեն աղջկա.
Ով էլ խոսի'քեզ հետ իմ ձայնը կգա
Իմ շշունջը կփարվի քո ականջին:
Էլեկտրավառ փողոցներով, երբ քայլես'
Իմ հայացքը քեզ կցոլա լամպից լամպ.
Ծառերի թավ թավիշները դիպչեն քեզ'
Հոգնած դեմքդ կշոյեն իմ քնքշությյամբ:
Տուն կգաս նորից, քո գրքերի մեջ սուզվես
Թղթերիդ մեջ ես կերևամ վերստին,
Ծխախոտի ծուխ կդառնամ քո շուրթին,
Լուսամուտից զեփյուռի հետ կգամ ներս:
Լուսամուտդ փակես'մրրիկ կլինեմ,
Հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ,
Ու սենյակդ ու աշխարհդ կխուժեմ,
Ու կխառնեմ թղթերդ, կյանքդ, հոգիդ…