Լիբանանի խորհրդարանական ընտրություններում առաջադրված 4 հայ պատգամավորի թեկնածուներից 3-ն անցել են խորհրդարան
Նախօրեին Լիբանանում անցկացված խորհրդարանական ընտրություններում առաջադրված 4 հայ պատգամավորի թեկնածուներից 3-ն անցել են խորհրդարան, այս մասին տեղեկացնում է Բեյրութի հայկական պարբերականներից «Ազդակ»-ը։
Բոլոր 4 թեկնածուներն առաջադրվել էին Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունից, նրանցից Հակոբ Բագրատունին, Ալեքսանդր Մաթոսյանն ու Հակոբ Թերզյանը կարողացել են ստանալ խորհրդարան անցնելու համար բավարար ձայներ։ Սերժ Չուխատարյանը չի անցել խորհրդարան։
Երեկոյան ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Հակոբ Բագրատունին շեշտել է, որ իրենց կուսակցությունը գոհ է արդյունքներից։
Աղբյուրը նշում է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ մթնոլորտում՝ բացառությամբ որոշ շրջանների, որտեղ գրանցվել են անվտանգության հետ կապված խախտումներ։
Ըստ «Ազդակի»-ի՝ ընտրական գործընթացի վրա էապես ազդել է ընտրակաշառքը կամ քաղաքական նպատակներով գումարների բաժանումը։