Չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին. Ռուստամյանը՝ նոր կառավարության կազմի մասին
Ինքս անձամբ չեմ հավակնում մտնել կառավարության կազմի մեջ, բայց մեր հարաբերությունները քաղաքական ուժերի հարաբերություններ են, և մենք պատրաստ ենք աջակցել, չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, ՀՅԴ-ն կառավարության մաս կազմելու ակնկալիք չունի, բայց ուզում են, որ Փաշինյանի կառավարությունը հաջողի և իրենք այդ հարցում աջակցելու են նրան: Ռուստամյանը նաև տրամաբանական է համարում ազգային համաձայնության կառավարության ստեղծումը:
«Մենք խոսել ենք այն սկզբունքների մասին, որոնք, ըստ մեզ, ճիշտ է դնել նոր կառավարության հիմքում: Անձերի անուններ չեն քննարկվել: Մենք պատրաստ ենք օժանդակել, բայց ինչ կարգավիճակով կլինի, էական չէ՝ կառավարության մեջ, թե ոչ, մենք օժանդակելու ենք հնարավոր բոլոր ձևերով»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, թե պատրաստ են նաև ստանձնել պատասխանատվություն:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ իրենք ինչպես նախորդ անգամ, մարտի 8-ին ևս քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին վարչապետի պաշտոնի համար:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, նա նկատեց, որ եթե ՀՀԿ-ն երկրորդ անգամ իր հայտարարածին հակառակ քվեարկի, դա վտանգավոր է քաղաքական ուժի համար: Արմեն Ռուստամյանի կարծիքով արտահերթ ընտրությունները չեն բխում ՀՀԿ-ի շահերից, քանի որ այս ԱԺ-ում նրանք մեծամասնություն ունեն, հետևաբար կողմ կքվեարկեն Փաշինյանին, որ ԱԺ-ն չցրվի: