ԱՄՆ-ի դուրս գալը պայմանագրից կարող է հանգեցնել պատերազմի. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ Իրանի հետ առաջատար համաշխարհային տերությունների կողմից 2015 թվականին կնքված պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է հանգեցնել պատերազմի: Այս մասին հայտարարել է Մակրոնը Spiegel գերմանական հանդեսին տված հարցազրույցում՝ գրում է РИА Новости-ին:
«Դա նշանակում է‚ որ մենք բացում ենք Պանդորայի արկղը: Կարող է պատերազմ սկսվել»‚- ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը կասկածում է, որ Թրամփը փորձում է նոր կոնֆլիկտ առաջ բերել: Թրամփը խոստացել է մինչև մայիսի 12-ը հստակ ասել՝ դուրս կգան պայմանագրից‚ թե ոչ:
Հիշեցնենք‚ որ Իրանը և միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատև բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը և Չինաստանը: Իսկ Գերմանիան‚ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վերջերս են հայտարարել լրացուցիչ համաձայնագիր մշակելու իրենց պատրաստակամության մասին: