«Ռոսնեֆթ-Արմենիա»-ն Միխայիլ Լեոնտևին աշխատանքից ազատելու հարցով կդիմի «Ռոսնեֆթին
«Ռոսնեֆթ-Արմենիա»-ի անունից դիմում կուղարկվի «Ռոսնեֆթ» ընկերությանը, որպեսզի քննարկվի Միխայիլ Լեոնտևի մասնագիտական պիտանելիության հարցը զբաղեցրած պաշտոնում:
Ռուսական «Ռոսնեֆթ» ընկերության դուստր ձեռնարկություն«Ռոսնեֆթ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ա. Ալավերդյանն ու կոլեկտիվը հայտարարություն են տարածել, որով խստորեն դատապարտել են լրագրող, հրապարակախոս, «Ռոսնեֆթի» փոխնախագահ և մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի սկանդալային և վիրավորական արտահայտությունները՝ Հայաստանի քաղաքական զարգացումների մասին:
«Ցանկանում ենք անպայման նշել, որ նմանօրինակ սադրիչ հայտարարություններն անթույլատրելի են և բացասաբար են անդրադառնում հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և «Ռոսնեֆթ-Արմենիա» ընկերության հեղինակության վրա: Դա նրա սուբյեկտիվ կարծիքն է և այն չի համապատասխանում ոչ հայ, ոչ ռուս ժողովրդի շահերին:
Մենք համապատասխան եզրակացություններ կանենք. նախ, «Ռոսնեֆթ-Արմենիա»-ի անունից դիմում կուղարկվի «Ռոսնեֆթ» ընկերությանը, որպեսզի քննարկվի այդ անձնավորության մասնագիտական պիտանելիության հարցը զբաղեցրած պաշտոնում: Վստահ ենք, որ ամենակարճ ժամկետներում «Ռոսնեֆթից» արձագանք կստանանք»,- նշվում է հայտարարության մեջ: