Նիկոլ Փաշինյանը ընտրվելուց հետո կհանդիպի մշակույթի գործիչների հետ
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրվելու պարագայում մտադիր է հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Ընդդիմադիր գործչի խոսքով, նախօրեին իր հանդիպումը մի շարք մշակութային գործիչների հետ իմ հանդիպումը որոշ հարցեր է առաջացրել։ «Հիմնականում արծարծվում է հետևյալ հարցը․ ի՞նչ սկզբունքով են հրավիրվել հանդիպմանը մասնակցած գործիչները։ Նախաձեռնողները տեղեկացրել են, որ մի խմբով ուզում են հանդիպել ինձ հետ և ես բնականաբար, չեմ մերժել։ Չեմ էլ ակնկալել, որ հանդիպում եմ մշակույթի դաշտը ներկայացնող լիազորված պատվիրակության հետ, այլ նկատի եմ ունեցել, որ հանդիպում եմ մարդկանց հետ, ովքեր հանդիպման ցանկություն են հայտնել և անկեղծ ասած՝ հանդիպման առաջարկը մերժելու որևէ պատճառ չեմ տեսել։ Նման հանդիպումներ կարող էին և կարող են տեղի ունենալ ամենատարբեր խմբերի և մարդկանց հետ»,- ասել է Փաշինյանը։
«Այնուամենայնիվ պարտավորվում եմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ և քննարկել մշակույթի ոլորտի ընթացիկ և ռազմավարական խնդիրներն ու դրանց լուծումները»,- գրել է նա։