Ռուս քաղաքագետը կոչ է անում Կրեմլին Հայաստանը խեղդել արյան մեջ, դեռ մի բան էլ՝ ավելի (տեսանյութ)
«Կոմսոմոլսկայա պրավդա» լրատվականի «Գլխավոր թեմա» հաղորդման ապրիլի 26-ի եթերի գլխագիրն է եղել՝ «Ո՞վ բզբզեց հայ ժողովրդին», որի ժամանակ ռուս բիզնեսմեն ու քաղաքական գործիչ Միխայիլ Յուրևը, շարունակելով իր զրուցընկեր ռուս լրագրող ու հեռուստահաղորդավար Միխայիլ Լեոնտևի նմանատիպ գաղափարները, կոչ է արել արյան ծովի մեջ խեղդել հայ բոլոր ցուցարարներին: Ծավալուն հաղորդման 45-րդ րոպեից նրանք սկսում են առավել քան սկանդալային հայտարարություններ անել Հայաստանի ու այնտեղ ծավալվող գործողությունների վերաբերյալ: «Այս ակցիաների առջնորդի կողքին կանգնած ամբոխի սրիկայության ու բթության մակարդակն, ինչպես նաև առաջնորդի, որի գլխում չգիտեմ ինչ հետաքրքիր ու բարդ ծրագրեր կան, ահա այդ մակարդակը ոչնչով լավը չի մայդանի գործիչների մակարդակից: Այնտեղ կարծես թե ազգայնական, բանդերական ոչինչ չկա, բայց Փաշինյանը մի բան ասաց, որ… Ախր այդ ստանդարտ բանաձևը հենց լսում եմ, ուզում եմ մռութին հասցնել. «Ես ոչ արևմտամետ եմ, ոչ ռուսամետ, ես հայամետ եմ»: 20 կոպեկ… Այսինքն քածն ուզում է մատնել: Դեռ վախենում է, բայց ուզում է»,- ասում է Միխայիլ Լեոնտևը:
Նրա խոսքը շարունակում է Միխայիլ Յուրևն՝ ասելով բառացիորեն հետևյալը. «Ես կարծում եմ, որ հսկա գերտերությունը երբեք չպետք է տա այն, ինչն իրենն է: Այն հողը, որ իրենն է եղել, պետք է ընդմիշտ իրենը լինի: Եթե այդ երկրի ինչ-որ մասնիկներ անկախացել են, ապա դրանք հարկ է դիտարկել որպես ժամանակավորապես ապստամբած նահանգ, որ իրեն երևակայում են, և այստեղ ոչ մի տարակարծություն չկա: Դրանք բիզնես-ակտիվներ չեն, որ այսօր գնես, վաղը վաճառես: Ինչի՞ ենք ամաչում. Տեղի՞ ունեցավ ինչ-որ տեղ գունավոր հեղափոխություն՝ երկու գունդ իջեցրեք ու խեղդեք արյան մեջ, եթե իրենց համարձակությունը չի հերիքում, որ իրենք դա անեն: Ու չպետք է մտածել, թե ինչ կասի Արևմուտքն այդ գազանությունների վերաբերյալ, կամ հենց այդ ժողովուրդն ինչ կասի: Բռնությունը մի բան է, որ եթե անում ես, պետք է մի բան էլ ավելի անես: Եվ այդ դեպքում ոչ մի ընդդիմադիր ծպտուն էլ դուրս չի գա: Կես ճամփին կանգնել չի կրելի»:
Միխայիլ Լեոնտևն էլ, այս մտքից հետո շարունակում է. «Էդ հիմա են ասում, թե հակառուսական տրամադրվածություն չկա, բայց ապագայում ամեն ինչ ջրի երես դուրս կգա: Իսկ հակառուսական տրամադրվածությունը մարմնավաճառություն է: Այսինքն՝ ես կվաճառվեմ, կլիզեմ նրա հետույքը, որինը լավն է: Դու քեզ իրավունք ես վերապահում լիզել նրա հետույքը, որը քաղցր է թվում, իսկ ռուսական կծու հետույքը սրտովդ չէ: Ահա և ամենը»:
Հիշեցնենք, որ այս դեպքի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը: