Ժողովրդավարությունը չի նահանջում. Ամերիկյան վերլուծաբանները՝ Հայաստանի դեպքերի մասին
Հայաստանի ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի նահանջում: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, այդ մասին ասել է Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Ստրոնսկին։
«Արևմուտքում ընթացող զարգացումները, մասնավորապես Դոնալդ Թրամփի ընտրությունը, պոպուլիստական առաջնորդների հաղթանակները, միտված են դեպի ավելի ավտորիտար համակարգերի հաստատում, սակայն Հայաստանն ապացուցեց, որ քաղաքացիներն ունեն համապատասխան իշխանություն և կարող են այն օգտագործել՝ քաղաքական փոփոխությունների հասնելու համար»,- ասել է Փոլ Ստրոնսկին:
«Ողջունելի է այն հանգամանքը, որ Հայաստանի ժողովուրդը խաղաղ միջոցներով պայքար է սկսել այն խմբի դեմ, որին չի համարում լեգիտիմ: Պետք է շնորհավորել Հայաստանի ժողովրդին խաղաղ և հանրային միջոցներով իր ձեռքբերումների համար»,- նկատել է ամերիկացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը:
Ամերիկյան փորձագետները ընդգծում են երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը:
«Անհատները կարևոր են իհարկե, սակայն հաստատությունները ևս չափազանց կարևոր նշանակություն ունեն: Բազմաթիվ հաստատություններում՝ պաշտպանության, արտաքին հարաբերությունների, առկա են արհեստավարժ մասնագետներ, ովքեր տիրապետում են խնդիրներին: Նրանք կարող են զգալի աջակցություն ցուցաբերել նոր կառավարությանը»,- ընդգծել է Ստրոնսկին:
«Կարծում եմ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան դասեր են քաղել 2014 թվականի ուկրաինական զարգացումներից, երբ շատ արագ կարծիք ձևավորեցին տեղի ունեցածի վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած ընդվզումը ներքևից է մղվել վերև և կարծում եմ այն զարմացրել է շատերին, ներառյալ պարոն Փաշինյանին: Բոլոր կողմերը փորձեցին չքաղաքականացնել տեղի ունեցածը՝ հակառակ ուկրաինական իրադարձությունների»,-նկատել է Ստրոնսկին:
«Այս զարգացումները չեն կարող անվերջ տևել, անհրաժեշտ է նոր վարչապետի նշանակում և հավանաբար նոր ընտրությունների անցկացում Սահմանադրության դրույթների պահպանմամբ», - ասում է դեսպան Կազլյարիչը: